11 փետրվարի 2025 - 15:46 AMT
Մարզերի թոշակառուներն ու նպաստառուները Երևանի տրանսպորտից օգտվելու արտոնություն կստանան

Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ մայրաքաղաքի տրանսպորտից օգտվելու սակագնի արտոնություն կտրամադրվի նաև մարզերում բնակվող թոշակառուներին և անապահովության նպաստ ստացողներին։ Այդ մասին Ավագանու նիստի ընթացքում հայտնել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Նա ընդգծել է, որ փոփոխություն կկատարվի նաև բազմազավակ ընտանիքների արտոնության պայմաններում, հայտնում է «Փաստինֆոն»։

Մասնավորապես, չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքների դեպքում այլևս պարտադիր չի լինի, որ երեխաները անչափահաս լինեն, և արտոնությունը կտարածվի ընտանիքի բոլոր անդամների վրա՝ անկախ նրանց տարիքից։

Բացի այդ, վերանայվել են տոմսերի վավերականության ժամկետները։

«Մեկ օր և 7 օր տևողությամբ տոմսերը հնարավոր կլինի օգտագործել անսահմանափակ, ինչպես նաև 90 րոպեի ընթացքում տեղափոխելու հնարավորություն տվող տոմսի տևողությունը կերկարաձգվի 90 րոպեից մինչև 180 րոպե»,- նշել է Գրիգորյանը։

Փոխքաղաքապետի խոսքով՝ նոր համակարգը ուժի մեջ կմտնի մարտի 1-ից՝ տեխնիկական խնդիրները կարգավորելու համար։

Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: