12 փետրվարի 2025 - 12:21 AMT
«Վիվա Արմենիա»-ն թողարկում է առաջին պարտատոմսերը 80 մլն դոլար ծավալով

«Վիվա Արմենիա» ՓԲ ընկերությունը հայտարարել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ «Վիվա Արմենիան» թողարկել է դոլարային պարտատոմսեր` 80 միլիոն դոլար անվանական ծավալով։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները «Վիվա Արմենիան» ուղղելու է վարկերի վերաֆինանսավորմանը, կապիտալ և ռազմավարական այլ ծախսերի իրականացմանը:

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 դոլար է, արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը՝ 7.65% (6 ամիս վճարման պարբերականությամբ), շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։ Պարտատոմսերի տեղաբաշխումը կմեկնարկի 2025թ. փետրվարի12-ին և կտևի 90 աշխատանքային օր։

«Պարտատոմսերի հրապարակային առաջարկը Viva-ի զարգացման տրամաբանական շարունակությունն է՝ հիմնված ընկերության բարձր շահութաբերության, դրամական կանխիկ հոսքերի կայունության, աճի տպավորիչ տեմպերի, բիզնես մոդելի արդյունավետության, տեխնոլոգիական նորարարության ու շուկայում զբաղեցրած առաջատար դիրքի վրա: Բացառիկ մրցակցային առավելությունները Viva-ին թույլ են տալիս մուտք գործել զարգացման նոր փուլ՝ անհատներին ու ինստիտուցիոնալ ներդրողներին հնարավորություն տալով մասնակցել Viva-ի ռազմավարական նախագծերի ֆինանսավորմանը գրավիչ պայմաններով: Վստահ ենք, որ պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում մենք կներգրավենք նոր ռեսուրսներ՝ էլ ավելի արագացնելու ընկերության աճի տեմպերը, կապիտալացնելու շուկայի հնարավորություններն ու գործելու ՏՀՏ ոլորտը զարգացնելու մեր առաքելությանը համահունչ»,- ասել է «Վիվա Արմենիայի» գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Ուրախ ենք, որ 2025 թվականը սկսում ենք հայկական կապիտալի շուկայի համար հերթական կարևոր նախագծով. հեռահաղորդակցության ոլորտի առաջատար «Վիվա Արմենիա» ընկերությունը, վաղուց լինելով ցանկալի թողարկողների շարքում, շուկա է մուտք գործում բավականին համարձակ առաջարկի ծավալով։ Հաջողությամբ տեղաբաշխելուց հետո այս թողարկումը հավակնում է դառնալ ամենախոշորն արտարժութային պարտատոմսերի շուկայում: Նման առաջատար և ֆինանսապես կայուն ընկերության մուտքը Հայաստանի կապիտալի շուկա նշանակալի իրադարձություն է, և, անշուշտ, իր կարևորագույն տեղն է ունենալու շուկայի զարգացման գործում»,- նշել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ – Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ capitalmarkets@ameriabank.am։

Առաջնային տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։

«Վիվա Արմենիա» ՓԲԸ պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. հունվարի 22-ի թիվ 1/17 Ա որոշմամբ: Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակինև պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարություններին կարելի է ծանոթանալկայքում։

Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ազդագրում: