Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հաշվի առնելով մամուլում և Երևանի ավագանու որոշ անդամների կողմից հրապարակված տեղեկատվությունը՝ հայտնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։
Ստուգայցերն իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաև քաղաքային բյուջե վճարվող պարտադիր այլ վճարների մուտքագրումը»,- ասվում է գրառման մեջ։
Փետրվարի 11–ին Երևանի ավագանին մերժել է ընդդիմության առաջարկը, որով նախատեսվում էր պահպանել մեկանգամյա 100 դրամ արժողությամբ տրանսպորտային ուղեվարձը։
Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: