12 փետրվարի 2025 - 18:46 AMT
Արցախի թեմ․ Արցախին օգնելուց պաշտոնապես հրաժարված անձինք վերստին խեղաթյուրում են իրականությունը

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը արձագանքել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և նրա թիմակիցների արած հայտարարություններին՝ նշելով, որ ցավալի է ՀՀ ԱԺ նախագահի հույժ պատասխանատու կոչումը ունեցող պաշտոնյայից այդպիսի անպատասխանատու հայտարարություններ լսելը Արցախի և արցախահայության մասին:

Սիմոնյանը, պատասխանելով ացրախցի լրագրողի հարցին, թե ե՞րբ կարող է վերադառնալ իր հայրենիք, ասել է․ «Դուք դուրս եկաք Արցախից, որովհետև անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ և պայքարել, բայց դուք դուրս եկաք»։

Հայտարարության մեջ նշվում է, որ «Արցախին օգնելուց պաշտոնապես հրաժարված անձինք վերստին խեղաթյուրում են իրականությունը»։

«Նման անհեռատես և հավակնոտ խոսքերը ոչ միայն չեն կարող նպաստել հայրենական կյանքում առկա խնդիրների լուծմանը, մեզ օդ ու ջրի պես այդքան անհրաժեշտ ազգային միասնության ապահովմանը, այլև ճիշտ հակառակը, դրանք առավելագույնս խորացնում են մեր ժողովրդի մեջ արհեստականորեն ներդրված հատվածականության բաժանարար գծերը», – ասվում է հայտարարության մեջ

Նշվում է, որ նման մոտեցումները մարդկության պատմության ընթացքում մշտապես առկա են եղել, իսկ դրանց հաղթահարումը հնարավոր է միայն քրիստոնեական սկզբունքներով, որոնք սովորեցնում են ընդունել սեփական պատասխանատվությունը։

«Ավելին, հոգևոր տեսողություն և ընկալում ունեցող մարդկանց համար հստակ տեսանելի են այդպիսի վարքագծի բուն պատճառները: Դրախտում առաջին մարդկանց գործած ամենամեծ մեղքը եղավ ոչ թե արգելված պտուղն ուտելը, այլ Աստծո հարցմանն ի պատասխան մեղքը իրենց վրայից ուրիշի վրա գցելը և չզղջալը», – ասվում է Արցախի թեմի հայտարարության մեջ։

Նշվում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, Արցախի 9-ամսյա շրջափակման ընթացքին և 2023 թ. բռնի տեղահանումից հետո ժողովրդի մի ստվար հատվածի մոտ ցավալիորեն արմատացել է մեղքն ու պատասխանատվությունը իրենցից հեռացնելու կործանարար մոտեցումը, ինչի համար հիմք են ծառայել ամենաբարձր մակարդակով բազմիցս արված նման անհեռատես ու պառակտիչ հայտարարությունները, իսկ ԱԺ նախագահի վերջին հայտարարությունը ընդամենը թարմացումն էր վերոնշյալ մոտեցման:

«Բայց ամենամեծ ցավն այն է, որ իրականությունը լավագույնս իմացող, 2023 թ. Արցախին օգնելուց պաշտոնապես հրաժարված անձինք չեն վարանում վերստին խեղաթյուրելու իրականությունը՝ նորից ու նորից աղ լցնելով հայրենազուրկ արցախցիների չսպիացած վերքերին, անտեսելով նաև 2023 թվականին նահատակված հարյուրավոր մեր տղաների սխրանքը», – շեշտել են հոգևորականները։

Արցախի թեմը կոչ է անում խուսափել արհեստական լարվածությունից և անհանդուրժողականությունից՝ ընդգծելով, որ ազգային միասնությունը հայ ժողովրդի գլխավոր արժեքներից պետք է լինի։

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը պահանջում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից հրապարակային ներողություն խնդրել բռնի տեղահանված արցախցիներից և ձեռնպահ մնալ արցախահայության պայքարը և հայրենիքի պաշտպանությունը նսեմացնող որևէ գնահատականից: