Թրամփն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հնարավորությունը

Թրամփն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «երկար և չափազանց արդյունավետ» հեռախոսազրույց է ունեցել ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և, որ իրենք պայմանավորվել են սկսել բանակցություններ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով։

Truth Social հարթակում Թրամփը նշել է, որ ինքը և Պուտինը «համաձայնվել են, որ թիմերը անհապաղ սկսեն բանակցությունները» և փոխադարձ այցերի հրավերներ են ներկայացրել միմյանց, հայտնում է BBC-ն։

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Նաև քննարկվել է Ուկրաինայում կարգավորման հարցը։ Նախագահ Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների հնարավորինս արագ դադարեցման և խնդրի խաղաղ լուծման օգտին», - ասել է Պեսկովը լրագրողներին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մյունխենում Ուկրաինայի պաշտպանության գագաթնաժողովի շրջանակում հանդիպելու է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտնում է BBC-ն։

Թրամփը սոցիալական ցանցում գրել է. «Ժամանակն է դադարեցնել այս անհեթեթ պատերազմը, որտեղ եղել են զանգվածային և լիովին անտեղի մահեր։ Աստված օրհնի Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին»։

Թեև Թրամփը չի նշել Պուտինի հետ հանդիպման հստակ ամսաթիվ, ավելի ուշ լրագրողներին ասել է. «Մենք կհանդիպենք Սաուդյան Արաբիայում»։

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը նաև ասել է, որ քիչ հավանական է, որ Ուկրաինան վերականգնի իր 2014-ից առաջ եղած սահմանները։ Սակայն, պատասխանելով BBC-ի հարցին, նա հավելել է. «որոշ տարածքներ կվերադառնան»։

Թրամփը նաև համաձայնել է իր պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ, ով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նշել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին քիչ հավանական է։

BBC-ի թղթակից Ջեյմս Ուոթերհաուսը Կիևից նշում է, որ Հեգսեթի հայտարարությունները լուրջ հարված են Ուկրաինային։

ՆԱՏՕ-ի անդամակցության մերժումը, Ուկրաինայի հաղթանակի հնարավորության նկատմամբ կասկածները և այն անորոշությունը, թե ինչպես կվերահսկվի սառեցված ճակատային գիծը, ըստ Ուոթերհաուսի, կազմում են Ռուսաստանի 11-ամյա ագրեսիայի ակնհայտ դիվանագիտական ձեռքբերում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ «չկա Ուկրաինայի հարցով բանակցություն առանց Ուկրաինայի», սակայն Թրամփի և Պուտինի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել առանց նրա մասնակցության։

The Guardian-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երեքշաբթի, Զելենսկին առաջարկել է, որ խաղաղության համաձայնագրի շրջանակում ռուսական վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքները կարող են փոխանակվել ռուսական Կուրսկի շրջանում գտնվող ուկրաինական վերահսկողության տակ գտնվող տարածքների հետ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այդ միտքը որակել է որպես «անհնար»՝ հայտարարելով. «Ռուսաստանը երբեք չի քննարկել և չի պատրաստվում քննարկել իր տարածքի փոխանակումը։ Ուկրաինայի ստորաբաժանումները կվտարվեն այս տարածքից։ Բոլոր նրանք, ովքեր չեն ոչնչացվի, կվտարվեն»։

Թրամփը զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Պուտինի հետ ունեցած հեռախոսազանգից մի քանի ժամ անց, հայտնում է CNN-ը։

Նախագահը նաև նշել է, որ դեռևս չի որոշել այցելել Ուկրաինա։

Երբ նրան հարցրել են՝ արդյոք Զելենսկին կմասնակցի Պուտինի հետ հանդիպմանը, Թրամփը կարծես ակնարկել է, որ Ուկրաինայի նախագահը չի լինի առաջին հանդիպմանը։

«Հավանաբար, մենք նախ կունենանք առաջին հանդիպումը, հետո կտեսնենք՝ ինչ կարող ենք անել երկրորդ հանդիպման հարցում․․․Կմտածեմ գնալու մասին, ես դրա հետ խնդիր չունեմ»,– ասել է նա։

Նախկին նախագահ Ջո Բայդենը գրեթե երեք տարի չէր շփվել Պուտինի հետ՝ կարծելով, որ դա անիմաստ կլինի, քանի որ նա Ռուսաստանի առաջնորդին պատերազմական հանցագործ էր համարում։

Ուկրաինայում 2014-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, որի հետևանքով իշխանությունից հեռացվեց նրա պրոռուսական նախագահը, Մոսկվան բռնակցեց Ղրիմը և աջակցեց արևելյան Ուկրաինայում գործող ռուսամետ անջատողականներին։ Համակարտությունը վերածվեց լայնամասշտաբ պատերազմի, երբ Ռուսաստանը գրոհեց Ուկրաինան մոտ երեք տարի առաջ։ Չնայած Մոսկվայի փորձերը՝ գրավել Կիևը, ձախողվեցին, ռուսական զորքերը այժմ վերահսկում են Ուկրաինայի տարածքի մոտ հինգերորդ մասը՝ երկրի արևելքում և հարավում՝ շարունակելով ավիահարվածները ամբողջ երկրով։

Ուկրաինան պատասխանել է հրետանային և անօդաչու հարվածներով, ինչպես նաև ցամաքային գործողություններով՝ Ռուսաստանի արևմտյան Կուրսկի շրջանում։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---