Իրավապաշտպան․ Կան փաստական ապացույցներ Ադրբեջանի կողմից առնվազն 80 անձի գերեվարման մասին![]() 13 փետրվարի 2025 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, որը միջազգային ատյաններում պաշտպանում է հայ պատանդների իրավունքները, անդրադառնալով գերիների հարցին, ասել է, որ Բաքուն պաշտոնապես հաստատել է 23 գերու առկայությունը, սակայն փաստական տվյալներով գերեվարվածների թիվն առնվազն 80 է։ «Այս գերիները ենթարկվել են բռնի անհետացման, ինչը նույնպես պատերազմական հանցագործություն է»,- ասել է նա, հայտնում է «Առավոտը»։ Անդրադառնալով Բաքվում ընթացող շինծու դատավարություններին՝ նա նշել է, որ միջազգային դատական ատյանները, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` ՄԻԵԴ-ը, լիազորված է արձանագրելու խախտումներն ու պահանջելու նրանց ազատ արձակումը։ «Ներգրավված միջազգային ատյաններն իրավասու են քննարկել ազատությունից զրկելու հիմքերը եւ պարզել՝ արդյոք հիմքեր առկա եղե՞լ են, արդյոք դատավարությունները, որոնց շրջանակներում անձինք դատապարտվել են հանցագործություն կատարելու համար, համապատասխանո՞ւմ են արդար դատաքննության ստանդարտներին»,- նշել է Սահակյանը։ Նրա գնահատմամբ՝ եթե քաղաքական ճնշումը բավարար չլինի, հնարավոր կլինի հասնել իրավաբանորեն պարտադիր դատական որոշումների ընդունմանը, ինչը միջազգային վերահսկողության տակ կդնի դրանց կատարումը։ «Եթե քաղաքական ճնշումը բավարար չլինի, այս դատարանների միջոցով կարող ենք ունենալ իրավաբանորեն պարտադիր դատական ակտեր եւ միջազգային վերահսկողություն դրանց նկատմամբ»,- ընդգծել է իրավապաշտպանը։ Սահակյանը կարծում է, որ իրավական ու քաղաքական մեխանիզմների համադրմամբ հնարավոր կլինի հասնել հայ գերիների ազատ արձակմանը։ «Իրավական մեխանիզմները համակցելով քաղաքական մեխանիզմների հետ, հնարավոր կլինի ազատ արձակել հայ պատանդներին»,- նշել է նա՝ ընդգծելով, որ խնդիրը բարդ է, քանի որ Ադրբեջանը ռեսուրսներ ունի միջազգային ճնշմանը դիմակայելու համար։ Այնուամենայնիվ, ըստ նրա, այդ ռեսուրսները անսպառ չեն։ «Իմ գնահատմամբ, սակայն, այդ ռեսուրսներն անսպառ չեն։ Եթե տեւական ճնշում գործադրվի, եթե միջազգային ճնշումն ինտենսիվացնենք, ադրբեջանական ռեսուրսներն էլ, այդ թվում՝ քաղաքական, նվազեն, մենք կունենանք հավասարակշռության խախտում, որի պայմաններում Ադրբեջանը ստիպված կլինի ենթարկվել միջազգային հանրությանը»,- նշել է Սահակյանը՝ հավելելով, որ հենց այս մոտեցումն է իրեն հույս ներշնչում խնդրի լուծելիության հարցում։ Անդրադառնալով Հայաստանի կառավարության դիրքորոշմանը՝ իրավապաշտպանը նշել է, որ եթե քննարկումների չհրապարակումը բխեր կառուցողական երկխոսության անհրաժեշտությունից, այն տրամաբանական կլիներ, սակայն այս պահին դա արդյունք չի տալիս։ «Բայց մենք տեսնում ենք, որ այդ երկխոսության ճանապարհին՝ Ադրբեջանն ազատ չի արձակում հայ պատանդներին»,- ընդգծել է նա։ Միաժամանակ Սահակյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը մինչ այժմ վերադարձրել է 210-ից ավելի գերիների, սակայն շարունակում է պահել 2020 թվականի պատերազմի ընթացքում գերեվարված անձանց՝ խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ «Այստեղ անհասկանալի են լռելու դրդապատճառները, քանի որ այդ խախտումները պետք է բարձրաձայնվեն, որպեսզի միջազգային աջակցություն ձեւավորվի։ Երկխոսությունը չի ապահովում խնդրի լուծումն, այսինքն՝ երկխոսությունը կառուցողական չէ, բայց ապակառուցողական երկխոսությունը փրկելու նկատառումով, խնդիրը չի հանրայնացվում եւ կոծկվում են ադրբեջանական հանցագործությունները»,- ընդգծել է իրավապաշտպանը։ Սահակյանը համոզված է, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական դրդապատճառներով ձեռնպահ են մնում ադրբեջանական խախտումների ամբողջական պատկերը ներկայացնելուց։ «Կառավարությունը, քաղաքական դրդապատճառներով, ձեռնպահ է մնում ադրբեջանական ապօրինությունների ամբողջ ներկապնակը ներկայացնելուց»,- նշել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |