ԱԳ փոխնախարար․ Շարունակելու ենք կառուցողական տրամադրվել բանակցային գործընթացին՝ սադրանքների չենք տրվի

ԱԳ փոխնախարար․ Շարունակելու ենք կառուցողական տրամադրվել բանակցային գործընթացին՝ սադրանքների չենք տրվի

PanARMENIAN.Net - ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը, ինչպես նախկինում, շարունակում է Ադրբեջանի հետ բանակցություններին մոտենալ կառուցողական դիրքորոշմամբ և ներգրավված է մնում գործընթացում։

Խոսելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների մասին՝ Կոստանյանը ընդգծել է, որ նման հռետորաբանությունն ուղղված է տարածաշրջանում լարվածություն ստեղծելուն, հայտնում է Radar.am-ը։

«ՀՀ-ն չի տրվելու նման սադրանքների․ մենք շարունակելու ենք կառուցողական տրամադրվել բանակցային գործընթացին»,–ասել է նա։

Փոխնախարարի խոսքով՝ եթե Հայաստանի վրա հարձակում տեղի ունենա, երկիրը պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը՝ օգտագործելով իր ողջ հնարավոր գործիքակազմը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։

Նա հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։

 Ուշագրավ
---