Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով սուր շնչառական վարակների տարածվածությանը, նշել է, որ վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում իրավիճակը մնացել է նույնը, և թեև լարվածություն առկա է, սակայն, բռնկման փուլում չենք գտնվում։
Նա հավելել է, որ դպրոցներում դասերը ժամանակավորապես դադարեցնելու կարիք այս պահին չկա, հայտնում է 1lurer.am –ը։
Նախարարը հավելել է, որ ներկայումս նմանատիպ միջոցառումների անհրաժեշտություն չկա, և ոլորտի պատասխանատուները շարունակում են սերտ համագործակցել ԿԳՄՍՆ-ի հետ՝ մոնիթորինգի միջոցով հետևելով բացակայությունների քանակին ու դրանց պատճառներին։
«Մենք ունենք շատ հստակ մեխանիզմներ, թե որ դեպքերում ենք անցնում հեռավար դասավանդման կամ դպրոցները ժամանակավորապես նաև դադարեցնելու, և այդ ընթացակարգերի համաձայն՝ եթե կարիքը լինի, միանշանակ, մենք կգնանք դրան. այս պահին նման կարիք չկա»,– ընդգծել է նախարարը։
Նա նշել է, որ նախորդ շաբաթվա, ինչպես նաև 2024 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ հիվանդացությունը ցածր է՝ 1․1 անգամ։
«Մեր մասնագետներն իրականացնում են ամենօրյա մշտադիտարկում»,– նշել է նա։
Ավելի վաղ ԱՆ–ն հայտնել էր, որ քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների զարգացման առումով։ Ռիսկի բարձր խմբում ներառվում են այն անձինք, ովքեր ունեն սրտի, թոքերի կամ երիկամների քրոնիկ հիվանդություններ, շաքարային դիաբետ, ինչպես նաև տարեցներն ու իմունային անբավարարություն ունեցողները։