Եղոյան. 2019-ին ԵԱՀԿ ՄԽ ներկայացրած առաջարկի բովանդակությունը «Լավրովի պլանն» էր՝ դետալային որոշ փոփոխությամբ

Եղոյան. 2019-ին ԵԱՀԿ ՄԽ ներկայացրած առաջարկի բովանդակությունը «Լավրովի պլանն» էր՝ դետալային որոշ փոփոխությամբ

PanARMENIAN.Net - ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է 2019թ․ ԵԱՀԿ ՄԽ ներկայացրած առաջարկին՝ նշելով, որ ծրագրի բովանդակությունը նույն «Լավրովի պլանն» էր՝ դետալային որոշ փոփոխությամբ։

«Բովանդակության առումով դա նույն մեզ հայտնի «Լավրովի պլանն» է։ «Լավրովի պլանի» մեջ, այո, կարող էր մի դետալ ավելանալ, մի դետալ դուրս գալ, բայց Լավրովի պլանը հետևյալն է․ հարցը ունենում է փուլային լուծում, որից առաջին փուլում զիջվում են 5 շրջանները, մյուս հարցերի վերաբերյալ կարգավորումները՝ ներառյալ ԼՂ-ի կարգավիճակի հարցը, թողնվում են անորոշ ապագային։ Մնացածն արդեն դետալներ են»,- ասել է Արման Եղոյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Նա նշել է, որ այն իրականում կազմվել է ավելի վաղ և հասցեագրված է եղել նախագահներին, հայտնում է «Փաստինֆոն»։

Լրագրողներից մեկը հիշեցրել է ԱԺ-ում նախորդ օրվա հարցուպատասխանը, որի ժամանակ Ագնեսա Խամոյանը պահանջել էր հրապարակել 2019թ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված բանակցային փաստաթուղթը, որը, ըստ նրա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը թաքցրել է։ Վարչապետը պատասխանել էր՝ հաստատելով փաստաթղթի գոյությունը, սակայն ընդգծելով, որ դրա վրա նշված է եղել՝ այն ուղղված է նախագահին, ոչ թե վարչապետին։

Երբ լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք նշանակություն ունի, թե փաստաթղթի վրա ինչ է գրված, քանի որ խոսքը վերաբերում է բանակցություններին և պետության շահերին, Եղոյանը պատասխանել է․

«Նախագահ և վարչապետ բառերի միջև տարբերությունն այն է, թե երբ է այն կազմվել, թե չէ պետության համար տարբերությունը մեծ չէ, բայց ժամանագրության առումով՝ տարբերությունը մեծ է։ Եթե վերնագրում գրված է նախագահներ, ապա փաստաթուղթը կազմվել է նախագահների ստորագրման համար, հետևաբար՝ նախագահների իշխանության օրոք»,-ասել է պատգամավորը։

Հարցին, թե արդյոք բանակցությունների շարունակականության համատեքստում պատասխանատվություն չպետք է կրեին, և արդյոք Փաշինյանը պետք է ստանձներ այդ պատասխանատվությունը, Եղոյանը հստակ պատասխան չի տվել՝ կրկնելով, որ տարբերությունը ժամանակագրական է։

Երբ լրագրողը նշել է, որ գիտակցում են՝ կառավարման մոդելն արդեն փոխվել էր, պատգամավորը պատասխանել է․ «Հասկանու՞մ եք, չէ՞, որ այդ փաստաթուղթը կազմվել է այն ժամանակ, երբ Հայաստանում արտաքին քաղաքականությունը որոշել են նախագահները, այսինքն՝ 2018թ․ մայիսից առաջ»։

 Ուշագրավ
---