Ազգային ժողովի անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի մասնակցել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քվեարկությանը, ինչը պարզ է դառնում խորհրդարանի պաշտոնական կայքից, հայտնում է Factor.am-ը:
Ավելի վաղ, Factor TV-ի եթերում Աղազարյանը հայտնել էր, որ պատրաստվում է դեմ քվեարկել՝ ներկայացնելով իր դիրքորոշումը։
«Այդ ճանապարհը ճիշտ ճանապարհ չի։ Մենք ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքի մեջ ենք, ում զորքերը կանգնած են մեր սահմանին, գտնվում է պատերազմի մեջ, քո դաշնակիցը գտնվում է պատերազմի մեջ և դու կատարում ես այդպիսի քայլ»,– նշել էր պատգամավորը։
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է քաղաքացիական նախաձեռնության կարգով։ Օրինագծին կողմ է արտահայտվել 63 պատգամավոր, դեմ՝ 7։
«Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը։ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու նախագծին։