15 փետրվարի 2025 - 11:42 AMT
ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները տեսակոնֆերանս են անցկացրել

Փետրվարի 14-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի շրջանակում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանազատման համալիր աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հանձնաժողովների հաջորդ առկա ձևաչափով հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն ։

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 16-ին, որի ընթացքում ձեռք էր բերվել համաձայնություն՝ մեկնարկելու պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, այնուհետև շարունակելով դեպի հարավ՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։

Կողմերը նաև քննարկել էին սահմանազատման աշխատանքների կատարման կարգը սահմանող համապատասխան ուղեցույցների նախագծերը։

2024-ին Երևանն ու Բաքուն մոտ 12 կիլոմետր սահմանազատում են իրականացրել Տավուշի և Ղազախի ուղղությամբ, որի շրջանակում հայկական կողմը Ադրբեջանին էր հանձնել նախկինում ադրբեջանաբնակ չորս գյուղ։ Հայաստանի վարչապետն այդ ժամանակ գործընթացը բնորոշել էր որպես պիլոտային սահմանազատում, որն իրականացվել էր մինչ հանձնաժողովների կանոնակարգի հաստատումը։