ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է 1999-ից առաջ ընթացած բանակցություններին՝ նշելով, որ համանախագահները փորձում էին ինքնորոշման իրավունքը համադրել տարածքային ամբողջականության սկզբունքի հետ։
«Ամբողջ բանակցային գործընթացը՝ մինչև 1999 թվականը, հետևյալ բովանդակությունն ուներ. համանախագահները չէին կարողանում տարածքային ամբողջականության սկզբունքից դուրս գալ։ Փորձում էին ինքնորոշման իրավունքն ամուսնացնել տարածքային ամբողջականության հետ»,- ասել է Քոչարյանը՝ խոսելով տարածված «Մեղրին՝ Արցախի դիմաց» գաղափարի մասին։
Նրա խոսքով՝ այդ շրջանում քննարկվող «ընդհանուր պետության» առաջարկն ամրապնդում էր ինքնորոշված Ղարաբաղի և Ադրբեջանի միջև որոշակի կոնֆեդերացիոն մոդել, հայտնում է Aysor.am-ը։
«Ընդհանուր պետության առաջարկը հետևյալն էր՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը համատեղ պետություն են ստեղծում՝ որոշակի ասիմետրիկ կոնֆեդերացիայի ձևով։ Բայց միշտ փորձը եղել է ամուսնացնել այս երկու սկզբունքը։ Եվ հանկարծ Վաշինգտոնում Ալիևն ինձ ասաց, թե եկեք իրարից անջատվենք։ Այդ առաջարկի մեջ ես տեսել եմ այդ մասը, որը հնարավորություն էր տալիս ջարդել կարծրատիպը։ Մտածում էի՝ եթե Ալիևն այդ հարցը բարձրացնի համանախագահողների առջև, ուրեմն մենք այս կաղապարված վիճակից դուրս ենք գալու։ Մենք բանակցում էին, ինքը դա էր ասում, ես ասում էի, որ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Գործընթացը շահավետ էր մեզ համար, բայց առաջին օրվանից ես չէի կասկածում, որ այս քննարկումները հնարավորություն են ունենալու բերել մեզ համար ընդունելի տարբերակի»,- ընդգծել է Քոչարյանը։
Նա նշել է, որ այդ ժամանակ Ալիևն ակնկալում էր վեց շրջան ստանալ, ինչը նրա համար շահավետ առաջարկ էր։
Քոչարյանը շեշտել է, որ հստակ ձևավորված առաջարկներ երբևէ չեն եղել, որոնք կարող էին իրենց կողմից ընդունվել կամ մերժվել։
«Երկու տարի տևած այդ ամբողջ գործընթացում Մինսկի խմբի կողմից արված միակ առաջարկը եղել է Քի Վեստում։ Ուրիշ գրավոր առաջարկ չի եղել»,- ասել է Քոչարյանը։
Նա հավելել է, որ այս թեման կրկին հրատապ է դարձել «միջանցքի» հարցի պատճառով՝ ընդգծելով, որ իշխանությունը ցանկանում է զիջում կատարել և հետագայում խուսափել պատասխանատվությունից։
«Այս թեման հիմա տաքացել է, որովհետև կա միջանցքի հարց, ճանապարհի հարց, և այսօր Հայաստանի իշխանությունը մի ցանկություն ունի՝ անել այդ զիջումը և հայտարարել՝ վայ, ես ինչ կապ ունեմ, եթե այն ժամանակ դա քննարկված չլիներ, այս թեման ընդհանրապես գոյություն չէր ունենա»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։
ՀՀ երկրորդ նախագահը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման շուրջ ընթացող քննարկումները՝ դրանք համարելով վտանգավոր ու անհեռատես քայլ, հայտնում է Sputnik Արմենիան։
«Ակտիվ փոփոխվող աշխարհում անել քայլեր, որոնք անվերադարձ կորուստ են բերելու բանակցային գործընթացին, հիմարություն է»,- նշել է Քոչարյանը։
Նա ընդգծել է, որ այժմ պետք է ցանկացած միջոցներով պահպանել Մինսկի խմբի ձևաչափը, քանի որ այն լուծարելու դեպքում հետագայում նոր միջազգային բանակցային հարթակ ձևավորելը չափազանց բարդ կլինի։
«Մինսկի խումբը կա, ստեղծվել է, բանակցային ֆորմատ է, թող մնա։ Եթե ստեղծվի այլ կարգի, աշխատող բանակցային ֆորմատ, հետո սա լուծարեք»,- հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահը։
Քոչարյանը նաև նշել է, որ քաղաքական գործընթացներում անընդհատ կրկնվում է նույն սխալը, և Հայաստանի իշխանությունները չեն սովորում իրենց նախորդ փորձից։
«Ճակատները մազոլ ա դարձել, բայց արդեն իրենցը չէ, երկրինն ա դարձել հարվածներից»,- ասել է նա։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին՝ Քոչարյանը նշել է, որ եթե Երևանը պատրաստվում է ընդունել Բաքվի բոլոր պահանջները, ապա բանակցությունների իմաստը կորչում է։
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գաղափարը նախապես հնչեցրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դա ներկայացնելով որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայման։ Սկզբում Երևանը փաստացի չէր արձագանքում, սակայն հետագայում վարչապետ Փաշինյանը սկսեց խոսել դրա հնարավորության մասին։