17 փետրվարի 2025 - 18:45 AMT
Զելենսկի․ Ուկրաինան չի ընդունի ՌԴ և ԱՄՆ-ի պայմանավորվածություններն Էր Ռիյադում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄԷ-ում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինան չի մասնակցում Սաուդյան Արաբիայում կայանալիքՌԴ-ԱՄՆ բանակցություններին և չի պատրաստվում ընդունել դրանց արդյունքները։ Նրա խոսքերը հրապարակել է նախագահի աշխատակազմը, գրում է ՏԱՍՍ–ը։

«Ուկրաինան չի մասնակցում։ Ուկրաինան այս մասին ոչինչ չգիտեր։ Ուկրաինան ցանկացած բանակցություններ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի համարում է անհիմն։ Մենք չենք կարող ընդունել մեր մասին որևէ պայմանավորվածություն առանց մեր մասնակցության։ Եվ մենք չենք ընդունի այդ պայմանավորվածությունները»,– շեշտել է Զելենսկին։

Նա նաև հավելել է, որ իր առաջիկա այցը Սաուդյան Արաբիա, որը նախատեսված է մոտ օրերս, որևէ կերպ կապված չէ ռուս-ամերիկյան հանդիպման հետ։

«Դա որևէ առնչություն չունի այն ամենի հետ, ինչ կատարվում է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչների մակարդակով։ Իհարկե, ես կհարցնեմ արքայազն Մոհամեդ բեն Սալմանին, երբ լինեմ Սաուդյան Արաբիայում, թե ինչ է նա մտածում այդ մասին։ Պարզապես հետաքրքիր է»,– հավելել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև նշել է, որ Սաուդյան Արաբիա կմեկնի փետրվարի 19-ին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ մեկնում են Էր-Ռիյադ՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների։ Փետրվարի 18-ին նախատեսված հանդիպման օրակարգում է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների վերականգնումը։

Photo. AFP