Փետրվարի 17–ին Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը, որի ընթացքում հրապարակվել են մեղադրական եզրակացության դրվագները։
«Մեղադրանքները» հասցեգրավել են նաև Հայաստանին և նրա նախկին ղեկավարներին։
Ըստ եզրակացության, «ռազմական գործողությունները նախաձեռնել է Հայաստանի պետությունը և հանցավոր խումբը, որը ղեկավարվել և համակարգվել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Վազգեն Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, Զորի Բալայանի, Սեյրան Օհանյանի, Արշավիր Ղարամյանի, Մոնթե Մելքոնյանի և այլոց անմիջական և անուղղակի մասնակցությամբ», գրում է Minval.az-ը։
Շեշտվում է, որ «ագրեսիան իրականացվել է կենտրոնացված ղեկավարությամբ՝ Հայաստանի ղեկավարության, նրա զինված ուժերի և անօրինական զինված կազմավորումների անմիջական ներգրավմամբ և աջակցությամբ»:
Ըստ շինծու մեղադրական ակտի, Հայաստանն է կրակ բացել Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ 2022–ի սեպտեմբերի 12-14–ը, որի ընթացքում «սպանվել է Ադրբեջանի ԶՈւ 77 զինծառայող, վիրավորվել՝ 435–ը»։
Այնուհետև դատավորը հարցեր է ուղղել Ռուբեն Վարդանյանին՝ իր մեղքը ճանաչելու կամ չճանաչելու վերաբերյալ։ Վարդանյանը հրաժարվել է պատասխանել հարցերին՝ դրանով իր բողոքը հայտնելով իր դեմ ներկայացված մեղադրանքների դեմ, հայտնում է Minval.az-ը։
Հաջորդ դատական նիստը կայանալու է փետրվարի 25–ին։
Ավելի վաղ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը որոշ մանրամասներ էր հայտնել Ռուբեն Վարդանյանի դատավարությունից, որը Վարդանյանի ընտանիքին է փոխանցել տեղի փաստաբանը։ Նա հայտնել էր, որ բացի նրանից, որ շինծու գործը պարունակում է 422 հատոր ադրբեջաներենով, պարզվել է, որ նրան հատկացված թարգմանիչը, որը պետք է գործի նյութերի գոնե բանավոր թարգմանություն ապահովեր (քանի որ գրավոր թարգմանություն, անգամ՝ նշումներ անել թույլ չեն տալիս), անգամ նորմալ բանավոր թարգմանություն չի ապահովել և լրջագույն սխալներ է թույլ տվել:
2024 թվականի դեկտեմբերի վերջին Վարդանյանի գործը փոխանցվել էր Բաքվի ռազմական դատարան։ Նա հայտարարել էր, որ ադրբեջանցի քննիչները կեղծել են հարցաքննությունների արձանագրությունները և պահանջել էր բաց դատական նիստ՝ միջազգային լրագրողների ու մարդասիրական կազմակերպությունների մասնակցությամբ։
Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Նրա դեմ առաջադրվել է մոտ 45 նոր մեղադրանք՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 հոդվածներով, և նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Հունվարի 27-ին դատարանը հրաժարվել է նրան տեղափոխել տնային կալանքի։