18 փետրվարի 2025 - 17:33 AMT
Թուրքիայում վաճառքի է հանվել հայկական եկեղեցին և հողատարածքը

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Հալֆեթի շրջանում վաճառքի է հանվել հայկական եկեղեցու հողատարածքը։ 2025 թվականի փետրվարի 5-ին անշարժ գույքի գործակալության կայքում հրապարակվել է հայտարարություն, որտեղ նշվել է, որ «հայկական եկեղեցու և քահանայի տան» զբաղեցրած տարածքը վաճառվում է 2 մլն 810,000 լիրայով (մոտ 77,500 դոլար)։

Հայտարարության համաձայն՝ եկեղեցու հողատարածքը կազմում է 904 քմ, իսկ տարածքի համար առկա է շինության սեփականության վկայական, հայտնում է Ermenihaber-ը։

Հայկական եկեղեցու հարևանությամբ բնակվող թուրք քաղաքացիներից մեկը պատմել է, որ այդ վայրում ժամանակին հայեր են ապրել, իսկ գյուղում գործել են հայկական եկեղեցի և քահանայի տուն։ Նրա խոսքով՝ հայերը մոտ 120 տարի առաջ լքել են գյուղը, ինչից հետո եկեղեցու մի հատված վերածվել է մզկիթի։

«Եկեղեցու պատերին, ինչպես նաև տան պատերին կային նախշեր։ Այդ նախշազարդ պատերը 2023-ի փետրվարյան երկրաշարժի հետևանքով փլուզվել են։ Երկրաշարժից առաջ այստեղ է բնակվել սեփականատերը, բայց վերջերս էլ լսել ենք, որ նա ցանկանում է վաճառել»,–ասել է նա։