WhatsApp-ի ալիքներն արդեն ամսական 45 մլն օգտատեր ունեն

WhatsApp-ի ալիքներն արդեն ամսական 45 մլն օգտատեր ունեն

PanARMENIAN.Net - Meta Platforms Inc.-ին պատկանող WhatsApp հաղորդագրությունների փոխանակման ծառայությունը Եվրոպայում գերազանցել է կարևոր սահմանագիծ: Այժմ հավելվածը պարտավոր է համապատասխանել Եվրամիության Թվային ծառայությունների մասին օրենքի (DSA) խստացված կանոններին, գրում է Bloomberg-ը։ Այս օրենքը սահմանում է բարձր պահանջներ խոշորագույն առցանց հարթակների համար, որոնք ունեն ամսական 45 միլիոնից ավելի ակտիվ օգտատերեր։

Meta-ի փետրվարի 14-ի հայտարարության համաձայն՝ WhatsApp-ի բաց ալիքներում, որտեղ հրապարակվում են լրատվամիջոցների և հանրային անձանց նյութերը, 2024-ի երկրորդ կեսին ամսական ակտիվ օգտատերերի թիվը կազմել է մոտ 46․8 միլիոն: Հետևաբար, WhatsApp-ը համապատասխանել է «շատ խոշոր առցանց հարթակ» չափանիշներին՝ ընդգրկվելով DSA-ի կարգավորման մեջ, հաստատել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Թոմա Ռենյեն, գրում է The Insider-ը։

Bloomberg-ի հրապարակումից մի քանի օր առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ելույթ է ունեցել Մյունխենի համաժողովում՝ քննադատելով ԵՄ-ի վերահսկողության ուժեղացումն ուղերձագրերի և սոցիալական ցանցերի նկատմամբ՝ մեղադրելով պաշտոնյաներին համացանցում «խոսքի ազատությունը կարգավորելու» փորձերի մեջ։

WhatsApp-ի «շատ խոշոր հարթակ» ճանաչման վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի Եվրոպական հանձնաժողովը։ DSA-ի համաձայն, նման հարթակները պարտավոր են ակտիվ միջոցներ ձեռնարկել վնասակար բովանդակության դեմ՝ մշակելով հատուկ քաղաքականություններ։ Խախտումների դեպքում հավելվածին սպառնում են տուգանքներ, որոնք կարող են կազմել ընկերության տարեկան համաշխարհային եկամուտի մինչև 6%-ը։

Meta-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից։

Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը հետաքննություն էր սկսել Իլոն Մասկի X սոցիալական ցանցի գործունեության վերաբերյալ՝ կեղծ տեղեկությունների, անօրինական բովանդակության և թափանցիկության ԵՄ կանոնների հնարավոր խախտումների համար։ DSA-ի համաձայն՝ X-ին կարող է սպառնալ 6%-անոց տուգանք կամ արգելափակում ԵՄ տարածքում։

Փետրվարի 18-ին հայտնի դարձավ, որ Մասկի հարթակը հայց է ներկայացրել Գերմանիայի իշխանությունների դեմ՝ «խոսքի ազատության ոտնահարման» մեղադրանքով, քանի որ իշխանությունները բազմաթիվ հարցումներ են կատարել հանցագործությունների հետ կապված օգտատերերի տվյալների վերաբերյալ։ X-ի ղեկավարությունը նման պահանջները համարում է անօրինական։

«Գերմանիան X-ին ուղարկում է ԵՄ-ում օգտատերերի տվյալների ստացման հարցումների ամենամեծ թվաքանակը, որոնց մոտ 87%-ը կապված է արտահայտությունների հետ,» — նշված է ընկերության հաղորդագրությունում։

X-ում պնդում են, որ նման հարցումները իշխանությունների «միջամտություն են օգտատերերի անձնական կյանքին»։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---