Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Վրաստանի համար դռները շարունակում են բաց մնալ տարածաշրջանային «3+3» ձևաչափի շրջանակներում, և նրա տեղը բանակցությունների սեղանի շուրջ միշտ հասանելի է։
«Սկզբից բոլորը համաձայնել են, որ մենք ունենք հենց «3+3» ձևաչափը և որ մենք հասկանում ենք Վրաստանի դիրքորոշման կասկածներն ու նրբությունները, սակայն վրացի ներկայացուցիչների աթոռը միշտ կլինի այս ձևաչափի նիստերի դահլիճում», - հայտարարել է ՌԴ գլխավոր դիվանագետը, գրում է «Էխո Կավկազա»–ն։
Լավրովի խոսքով՝ այս մոտեցումը վերահաստատվել է նախարարների վերջին հանդիպման ժամանակ։
«Մենք վերահաստատեցինք վրացական կողմին, որ դռները բաց են, աթոռը տեղում է»,–ասել է նա։
Նախարարը նաև ընդգծել է, որ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը առաջնորդվում է ազգային շահերով։
«Այն, որ «3+3»-ը գործում է բոլոր մասնակիցների շահերից ելնելով, կասկած չի հարուցում։ … Ի դեպ, սա նախորդ ԱՄՆ վարչակազմի մոտ նախանձ էր առաջացնում, այլ ոչ թե կասկած, որը փորձում էր «3+3»-ի փոխարեն առաջ մղել «3+1» ձևաչափը, այսինքն՝ երեք կովկասյան երկրներ և ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մարդիկ, որոնք կղեկավարեին նրանց», - նշել է նա։
Բացի այդ, ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ «3+3» ձևաչափի վերջին հանդիպման ժամանակ որոշում է կայացվել այս խորհրդատվական հարթակից ստեղծել ավելի կառուցվածքային կազմակերպություն։
Հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը «3+3» ձևաչափով։ Այս բանակցային ձևաչափը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությունն է։ Առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականին Մոսկվայում, սակայն Վրաստանը չի մասնակցել։
Սկզբում «3+3»-ին դեմ էին հանդես գալիս Վրաստանը և Հայաստանը, սակայն հետագայում Երևանը միացավ բանակցություններին, մինչդեռ Թբիլիսին մնաց միակ տարածաշրջանային խաղացողը, որը կտրականապես հրաժարվեց մասնակցել։
2023 թվականի մարտի 20-ին Սերգեյ Լավրովն արդեն հայտարարել էր, որ «3+3»-ի դռները բաց են Վրաստանի համար։ Տվյալ բանակցային ձևաչափին Վրաստանին միանալու կոչ էր արել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, սակայն՝ անարդյունք։ Վրաստանի իշխանությունները շարունակում են կոշտ դիրքորոշում պահել՝ կտրականապես մերժելով մասնակցությունը։