20 փետրվարի 2025 - 15:35 AMT
Մոլդովան արգելել է FlyOne Armenia-ի թռիչքները

Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարությունը փետրվարի 19-ին հրաման է արձակել, որով արգելվում է ավելի քան 130 ավիաընկերության, այդ թվում՝ FlyOne Armenia-ի գործունեությունը։

Այս քայլը հետևել է Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի ընդունմանը, որը նպատակ ունի ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրոպական միության նորմերին, գրում էKp.media–ն։

Մինչ արգելքի սահմանումը FlyOne Armenia-ն շաբաթական չորս անգամ կանոնավոր չվերթեր էր իրականացնում Երևան-Քիշնև ուղղությամբ՝ ուղևորներին տրամադրելով հարմար միացումներ դեպի Մոսկվա։

Նշվում է, որ FlyOne Armenia-ի գործունեության արգելքը Մոլդովայում կապված է ավիաընկերության՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանելու հետ, որոնք սահմանվել են Եվրոպական հանձնաժողովի կողմից։ Նոր կանոնակարգի շրջանակներում կազմվել է ավելի քան 130 ավիաընկերությունների ցանկ, որոնց գործունեությունը սահմանափակվում է այս պատճառով։

Ուղևորներին, ովքեր նախատեսում էին օգտվել FlyOne Armenia-ի ծառայություններից Երևան-Քիշնև չվերթերի համար, խորհուրդ է տրվում նախապես ուսումնասիրել այլընտրանքային երթուղիները և հաշվի առնել հնարավոր փոփոխությունները ժամանակացույցում և տոմսերի արժեքում։