Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կտրականապես մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդումը, թե Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին «բռնապետ է»:
«Հայտարարել, որ նախագահ Զելենսկին չունի ժողովրդավարական լեգիտիմություն, պարզապես սխալ է և վտանգավոր», — ընդգծել է Շոլցը Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում փետրվարի 19-ին:
«Իրականությունն այն է, որ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի օրինական ընտրված պետության ղեկավարն է: Այն, որ պատերազմի պայմաններում հնարավոր չէ անցկացնել պատշաճ ընտրություններ, համապատասխանում է Ուկրաինայի սահմանադրության և ընտրական օրենքների դրույթներին: Եվ ոչ ոք իրավունք չունի հակառակը պնդելու», — հավելել է Գերմանիայի կառավարության ղեկավարը, գրում է Deutsche Welle-ն։
Նա հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ սկսել պատերազմը Ուկրաինայի դեմ:
«Ուկրաինան արդեն գրեթե երեք տարի ամեն օր պաշտպանում է իրեն անողոք ռուսական ագրեսիայից», — նշել է Շոլցը:
Թրամփի՝ Զելենսկու վերաբերյալ արտահայտությունները քննադատության են ենթարկվել նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի և փոխկանցլեր, տնտեսության նախարար Ռոբերտ Հաբեկի կողմից:
«Եթե չգրենք շտապողական գրառումներ սոցիալական ցանցերում և ուշադրություն դարձնենք իրական աշխարհին, պարզ կդառնա, թե ով է Եվրոպայում, ցավոք, ստիպված ապրել դիկտատուրայի պայմաններում. դա Ռուսաստանի և Բելառուսի ժողովուրդներն են», — հայտարարել է Բերբոքը ZDF հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ուկրաինացիներն ամեն օր պայքարում են իրենց ազատ ժողովրդավարության համար, և մենք, որպես եվրոպացիներ, աջակցում ենք նրանց դեպի Եվրոպական միություն տանող ճանապարհին, որպեսզի միասին ամրապնդենք մեր ժողովրդավարական պետությունները»,–հավելել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը:
ԱՄՆ նախկին պաշտոնյա Ջոն Բոլթոնը ևս խստորեն քննադատել է Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները՝ ուղղված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և երկրում շարունակվող հակամարտությանը։ Բոլթոնն այս մեկնաբանությունները X-ի իր միկրոբլոգում որակել է որպես ԱՄՆ նախագահի կողմից երբևէ արված ամենաամոթալի հայտարարություններից մեկը։
Դոնալդ Թրամփը կոչ էր արել Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայում կազմակերպել նախագահական ընտրություններ՝ պնդելով, որ նրա աջակցությունն իբր նվազել է մինչև չորս տոկոս։ Ի պատասխան Զելենսկին Թրամփի հայտարարությունը որակել է «կեղծ տեղեկատվություն», որը «ծագում է Ռուսաստանից»։ Մամուլի ասուլիսի ընթացքում Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ 2025 թվականի փետրվարի դրությամբ իրեն վստահում է քաղաքացիների 57%-ը՝ հղում կատարելով Կիևի միջազգային սոցիոլոգիական ինստիտուտի հարցման տվյալներին։
ԱՄՆ նախկին պաշտոնյա Ջոն Բոլթոնը ևս խստորեն քննադատել է Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները՝ ուղղված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և երկրում շարունակվող հակամարտությանը։ Բոլթոնն այս մեկնաբանությունները X-ի իր միկրոբլոգում որակել է որպես ԱՄՆ նախագահի կողմից երբևէ արված ամենաամոթալի հայտարարություններից մեկը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային պարզապես բարեգործական քայլ չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն, որը անմիջականորեն կապված է երկրի ազգային անվտանգության հետ։ Բոլթոնի խոսքով՝ ներքին կայունությունն ապահովելու համար ԱՄՆ-ն պետք է պահպանի իր ուժն ու ազդեցությունը միջազգային ասպարեզում, ինչը Ուկրաինային աջակցելը դարձնում է առաջնահերթություն։
Թրամփի քննադատությունը հաջորդել է Զելենսկու ավելի վաղ արված հայտարարությանը, որտեղ ուկրաինացի առաջնորդն ասել էր, որ Թրամփն ընկել է Ռուսաստանի «խեղաթյուրված տեղեկատվության տարածության» մեջ։ Սա հետևել է Թրամփի պնդմանը, թե Զելենսկու նախագահությունը ոչ լեգիտիմ է, քանի որ Ուկրաինայում ընտրություններ չեն անցկացվել։