20 փետրվարի 2025 - 15:10 AMT
Գրիգորյանը՝ Մարուքյանին. Նոյեմբերի 9-ի որևէ հոդված գոյություն չունի, և սա է դե ֆակտո իրականությունը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, ընդգծել է, որ «նոյեմբերի 9-ի որևէ հոդված գոյություն չունի, և սա է դե ֆակտո իրականությունը»։ Այդ մասին նա ասել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

Մարուքյանն ասել է, որ «Ադրբեջանն այս պահին ռազմական հարձակում է ծրագրում և դա կանգնեցնելու միակ ձևը նոյեմբերի 9-ն է»։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը եղել է նոյեմբերի 9-ի հայտարարության մասնակից և ականատես է եղել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին, ուստի ինքն այդ տեսակետը չի կիսում, հայտնում է «Ազատությունը»։

«Նոյեմբերի 9-ը մեկ հոդված չունի, առնվազն ևս 8 հոդված ունի, և տեսել ենք, թե այդ 8 հոդվածի հետ ինչեր են տեղի ունեցել։ Ինչպես կարող է որևէ մեկը՝ քաղաքական գործիչ կլինի կամ քաղաքական գործիչ չի լինի, այդ 8-ի հետ տեղի ունեցած իրականությունը չընդունի և մեկ հոդվածի համար ասի, որ մենք պետք է վերադառնանք։ Կարող է վերադառնանք և նույն ճանապարհը կրկնենք։ Դրա համար ես էդ կարծիքը չեմ կիսում», - ասել է ԱԽ քարտուղարը։

Մարուքյանը նաև ասել էր․ «Փաշինյանն Ադրբեջանի հետ քննարկում է ճանապարհ ոչ մի բանի դիմաց, ինչի մասին ԱԺ նախագահը մի քանի օր առաջ հայտարարեց. բեռները փակ գան, անցնեն գնան, դա միջանցք է: Այսինքն, Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն ասում Ղարաբաղ, ժողովուրդը, փախստականները թող հետ գնան, չեն ասում՝ խաղաղապահներ են դրա համար անհրաժեշտ, չեն ասում, որ մենք միջանցք ունեինք, որ գրված է միջանցք, քննարկում են միակողմանիորեն ոչ մի բանի դիմաց Ադրբեջանին միջանցք տալու հարցը: Ես պաշտոնապես ասում եմ, եթե Հայաստանն ուզում է չտա միջանցք Ադրբեջանին, դրա միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի եռակողմ հարթակ վերադառնալն է»: