Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԱՏՁՄ) 2025 թվականին նախատեսում է ամրապնդել նախորդ տարվա ձեռքբերումները՝ մի շարք ռազմավարական ուղղություններով։ Կազմակերպության գլխավոր նպատակներից են անդամակցության շարունակական աճի ապահովումը, «Արմաթ» լաբորատորիաների ավելի քան 100 աշխատանոցի արդիականացումը, DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսի միջազգային ճանաչման բարձրացումը, ինչպես նաև աշխարհի 100 առաջատար վենչուրային հիմնադրամներից 10-ի և արհեստական բանականության ոլորտի 10 լավագույն մասնագետների Հայաստան հրավիրելը։ Այդ մասին ասել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
Նա նշել է, որ 2024 թ․ միության համար նշանակալի առաջընթացի շրջան է եղել, հայտնում է Արմենպրեսը։
«ԱՏՁՄ անդամների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 216-ի, ինչպես նաև կազմակերպել ենք մեր երբևէ անցկացրած ամենամեծ DigiTec-ը։ Բացի այդ, արդիականացրել ենք «Արմաթի» 50-ից ավելի աշխատանոցներ, որոնք հիմնադրման պահից սկսած արդեն վերազինման կարիք ունեին։ 2025 թվականին նախատեսվում է «Արմաթի» խմբավարների աշխատավարձերի բյուջեի 97 մլն դրամով ավելացում, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 45 մլն դրամով բարձր է։ Ավելին, անցած տարի բացվել է ևս 17 նոր աշխատանոց, և 2025-ին դրանց թիվը կրկին կավելանա։ Մինչև տարվա ավարտը նախատեսում ենք վերազինել ավելի քան 100 աշխատանոց՝ բարելավելով կրթական որակը։
Մեծ ձեռքբերումներից էր նաև Երևանում անցկացված WCIT2024 համաշխարհային տեխնոլոգիական համաժողովը, որին մասնակցել են 80-ից ավելի պատվիրակություններ, մոտ 500 արտասահմանցի հյուրեր, ներդրողներ ու ձեռներեցներ, որոնք ծանոթացել են DigiTec-ին ու Հայաստանի տեխնոլոգիական համայնքին։ Համաժողովն ընդգրկել է նաև 14 միջազգային առաջատար լրատվամիջոցներ, որոնք Հայաստանի մասին լայնածավալ լուսաբանում են իրականացրել”,–ասել է նա։
Կարապետյանը 2024-ի կարևոր նվաճում է համարել այն, որ ԱՏՁՄ-ն ընդգրկվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների շարքում՝ ապահովելով ՏՏ ոլորտի հարկային մուտքերի 73%-ը։
Խոսելով հրապատպ խնդիրների մասին՝ նա ասել է, որ չնայած պետական կառույցները, ներառյալ կառավարությունն ու Ազգային ժողովը, մեծ ուշադրություն են դարձնում տեխնոլոգիական ոլորտին, անհրաժեշտ է ավելի արդյունավետ աշխատանքային ձևաչափերի ներդրում։
«Մեզ համար զգալի մարտահրավեր է դրամի արժևորումը 20%-ով, ինչը մեծ ազդեցություն է ունեցել արտաքին պատվերների վրա աշխատող ընկերությունների շահույթի վրա։ Եթե նախկինում այդ ընկերությունները գործել են 15-30% շահութաբերությամբ, ապա այժմ այդ ցուցանիշը կտրուկ նվազել է։
Մեկ այլ լուրջ խնդիր է արհեստական բանականության արագ զարգացումը, որը հանգեցնում է աշխատանքների ավտոմատացման։ Սա հատկապես ազդում է սկսնակ և միջին որակավորման ծրագրավորողների վրա, քանի որ, եթե նախկինում մեկ փորձառու մասնագետի ղեկավարությամբ աշխատում էր մոտ 10 սկսնակներ, ապա այժմ նա կարող է միայնակ կատարել այդ նույն աշխատանքը։ Արդյունքում, 2024-ին Հայաստանում մոտ 2000 աշխատատեղ պակասել է»,–ասել է նա։
Կարապետյանը նշել է, որ 2025 թվականի գլխավոր նպատակներից է տեխնոլոգիական համայնքի համախմբումը և ԱՏՁՄ անդամների թիվը 300-ից ավելի դարձնելը։
«Արմաթ»-ի զարգացման ծրագրերն արդեն մանրամասն ներկայացրել եմ։ DigiTec-ը մտադիր ենք հասցնել միջազգային բարձր մակարդակի։
Մեզ համար կարևոր քայլ է աշխարհի առաջատար 100 վենչուրային հիմնադրամներից 10-ին և արհեստական բանականության ոլորտի 10 լավագույն մասնագետներին Հայաստան հրավիրելը։ Սա հնարավորություն կընձեռի մեր համայնքի ներկայացուցիչներին՝ ստեղծել նոր կապեր, խորացնել համագործակցությունը և միջազգային շուկաների համար մրցունակ արտադրանք մշակել։ Միևնույն ժամանակ, ներդրողներն ավելի մոտիկից կծանոթանան Հայաստանի ներդրումային միջավայրին ու պայմաններին»,–ասել է նա։