«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատերազմից խուսափելու, պետությունը հզորացնելու, ժամանակակից բանակ ու արդյունաբերություն ունենալու միակ ճանապարհը այն է, որ Հայաստանը միանա նույն քաղաքակրթական արժեքներն ունեցող զարգացող աշխարհին։
«Մենք ցույց տվեցինք, որ մենք Ռուսաստանի գործընկերը չենք, որ մենք մեր խնդիրը տեսնում ենք ոչ թե Ռուսաստանի ու Իրանի փեշի տակ մնալը, այլ մենք մեր խնդիրը տեսնում ենք այդ փեշի տակից պոկվելը և դեպի Եվրամիություն գնալը»,–գրել է նա։
Սարգսյանի կարծիքով՝ պետության ինքնիշխանությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է վճռականություն։
«Մեղուն որ մեղու է, իրենից քանի անգամ մեծ մարդուն մեղվի փեթակին մոտենալիս հարձակվում, խայթում է, սրանք միանգամից փախչում են։ Էդպես հայրենիք չես պահի, հայրենիք պահելու համար պիտի կռվես, կռվեցիր՝ քեզ կօգնեն»,–ասվում է գրառման մեջ։
Նա շեշտել է, որ անկախությունը պահպանելու համար պետք է պատրաստ լինել պաշտպանել հայրենիքը։
«Եթե դու ուզում ես անկախություն ունենալ, դու պիտի պատրաստ լինես քո հայրենիքը պաշտպանելու։
Տնտեսական զարգացումն է, արդյունաբերության հիմնումն ու արևմտյան ներդրումներն են, որ իրական անվտանգություն կբերեն մեզ»,–գրել է Սարգսյանը։
Փետրվարի 12–ին ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։