Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանում տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելությունը զգալիորեն նվազեցրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերի թիվն ու կանխել էսկալացիայի հավանականությունը։ Նա այս մասին ասել է Հայաստանի խորհրդարանում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստի ընթացքում։
Սիմոնյանը նաև երախտագիտություն է հայտնել ԵՄ-ի ցուցաբերած ֆինանսական օժանդակության համար, որը նպատակաուղղված է Հայաստանում իրականացվող բարեփոխումների և ռազմավարական նախաձեռնությունների աջակցմանը, հայտնում է Արմենպրեսը։
«Այս ամենը տեղի է ունենում Հայաստան-ԵՄ սերտացող և նոր օրակարգ սահմանող համագործակցության շրջանակներում»,- նշել է նա։
ԱԺ նախագահը որպես դրա վառ ապացույց մատնանշել է վերջին ամիսներին գրանցված մի շարք կարևոր զարգացումները, այդ թվում՝ վիզաների ազատականացման շուրջ մեկնարկած երկխոսությունը, Հայաստանի ընդգրկվելը Խաղաղության եվրոպական գործիք ծրագրում, ինչպես նաև ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատի երկարաձգումը ևս երկու տարով։
Խոսելով ԵՄ դիտորդական առաքելության ազդեցության մասին՝ Սիմոնյանը ընդգծել է. «Դա ակնհայտորեն և էապես կրճատեց սահմանին տեղի ունեցող միջադեպերի թիվը և կանխեց հնարավոր էսկալացիայի ռիսկը»:
Բացի այդ, նա հիշեցրել է, որ փետրվարի 13-ին Հայաստանի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որը, ըստ նրա, արտահայտում է եվրոպական ընտանիքի մաս դառնալու հարցում Հայաստանի քաղաքացիների վճռականությունը։
ՀՀ–ում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը երկարացվել է 2 տարով՝ մինչև 2027–ի փետրվար։