25 փետրվարի 2025 - 14:14 AMT
ԵՄ պատգամավորը Երևանից կոչ է արել Թուրքիային չկապել սահմանային հարցերը ՀՀ-Ադրբեջան օրակարգի հետ

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը, ելույթ ունենալով կոմիտեի Երևանում ընթացող չորրորդ նիստում, հորդորել է Թուրքիային չկապել սահմանային հարցերը ՀՀ-Ադրբեջան օրակարգի հետ։

Նա նշել է, որ Եվրոպական միությունը մեծ հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային կապերի և հաղորդակցությունների զարգացման համար, հայտնում է 1lurer.am-ը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունի ազատ ընտրություն ունենալը՝ կապված իր եվրոպական ապագայի հետ։

«Շատ կարևոր է նաև Հայաստանի համար, որ Հայաստանը կարողանա ունենալ ազատ ընտրություն դեպի եվրոպական ապագա, ինչը նաև ենթադրում է ունենալ տնտեսական դիվերսիֆիկացիա, որը ևս մի պատճառ է, որ մենք կենտրոնանանք տրանսպորտային և կոմունիկացիոն կապերի բացման ազատության վրա»,- ասել է նա։

Ուշակովսը նաև նշել է, որ ԵՄ-ն աջակցում է այս գործընթացներին և միևնույն ժամանակ հորդորում է Թուրքիային՝ չկապել սահմանային հարցերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրակարգի հետ։

«Մենք միանգամայն աջակցում ենք և, իհարկե, նաև կոչ ենք անում, որ Անկարան սահմանային հարցերն առանձնացնի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրակարգից»,- ընդգծել է եվրոպացի պատգամավորը։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության ուղին, մինչդեռ Ադրբեջանի դիրքորոշումը դժվար է ըմբռնել կամ մեկնաբանել։