ԱԳ փոխնախարար. ՀՀ–ն ակնկալում է ԵՄ գործուն աջակցությունն Ադրբեջանից հայ գերիների ազատ արձակման հարցում

ԱԳ փոխնախարար. ՀՀ–ն ակնկալում է ԵՄ գործուն աջակցությունն Ադրբեջանից հայ գերիների ազատ արձակման հարցում

PanARMENIAN.Net - ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ հայ գերիները շարունակում են մնալ Ադրբեջանում, ինչը «ամոթալի գործընթաց է Բաքվի համար ցանկացած նորմալ իրավական, դատական տեսակետից»։

Նա շեշտել է, որ Հայաստանն ակնկալում է Եվրամիության գործուն աջակցությունը Ադրբեջանից հայ գերիների ազատ արձակման առումով, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մենք խնդրում ենք, որպեսզի բոլոր գործընկերները ներգրավվեն այն գործընթացներում, որոնք մենք իրականացնում ենք խաղաղության համար։ Մենք շնորհակալ ենք ԵՄ–ին, բայց նրա միջնորդական ձևաչափը հիմա չի գործում»,– նշել է Հովհաննիսյանը։

Նրա պնդմամբ` իրենք խոսել են ԵԽ նոր նախագահի ներգրավման մասին, ակնկալում են, որ շատ մոտ ժամանակներում Անտոնիու Կոշտան կայցելի Հայաստան և Ադրբեջան, քանի որ նրա ներգրավվածությունը գործընթացին կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։

Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ հանդիպմանը և իր ելույթում ԳՎ նիստում բարձրացրել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը՝ ընդգծելով ընթացող կեղծ դատավարությունների փաստը։ Նա մտահոգություն է հայտնել նրանց առողջական վիճակի և հնարավոր ճնշումների վերաբերյալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս: Նա հավելել է, որ այդ մասին կան հետախուզական տվյալներ և որ նպատակը էսկալացիա հրահրելն է։ Բաքուն ժխտում է այդ մեղադրանքները։

 Ուշագրավ
---