«Չոր նավահանգստի» ստեղծման համար բանակցվում է միջազգային ներդրողների հետ

«Չոր նավահանգստի» ստեղծման համար բանակցվում է միջազգային ներդրողների հետ

PanARMENIAN.Net - Գյումրի քաղաքի «Չոր նավահանգստի» ստեղծման ծրագիրը գտնվում է ընթացիկ կարգավիճակում։ Այդ մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, տեղեկացնում է Factor.am-ը։

Գերատեսչությունից պարզաբանել են, որ ներդրողների և օպերատորի ընտրության նպատակով դեռևս բանակցություններ են ընթանում միջազգային մի շարք կառույցների հետ, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի՝ ԱՄԷ, Կատար և Իրաքի կազմակերպությունների, որոնք զբաղվում են նմանատիպ նախագծերով։

«Չոր նավահանգստի» շրջանակում կատարվել է տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, մշակվել են իրագործելիության պլանը և ճանապարհային քարտեզը, և ներկայումս ներդրողների հետ բանակցությունները շարունակվում են, այդ թվում՝ միջազգային մակարդակում»,- հայտնել են նախարարությունից, սակայն չեն հստակեցրել, թե որ փուլում են այժմ իրականացվող աշխատանքները։

«Չոր նավահանգստի» կառուցման կոնկրետ ժամկետների վերաբերյալ նախարարությունը որևէ մանրամասներ չի հաղորդել։ Պատկան մարմնից միայն նշել են, որ հնարավոր փոփոխությունները, այդ թվում՝ ժամկետային, դեռևս քննարկվում են։

Տարվերջին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել էր, որ «Չոր նավահանգստի» արդյունաբերական պարկի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը ավարտվել է և, ըստ էության, այս ծրագիրը կարելի է իրագործելի համարել՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման պարագայում։

Ըստ էկոնոմիկայի նախարարության, ծրագրի իրականացումը կնպաստի Գյումրիում լոգիստիկ կենտրոնի, արդյունաբերական գոտու, ազատ տնտեսական գոտու և պահեստային տարածքների ստեղծմանը։ Դա հնարավորություն կտա կազմակերպել բեռների տեղափոխում տարբեր ուղղություններով՝ օգտագործելով ինչպես օդային, այնպես էլ երկաթուղային տրանսպորտը։ Նախագիծը ներառում է արդյունաբերական պարկի ստեղծում, ինչը կհանգեցնի նոր աշխատատեղերի ավելացմանը և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը։

2023 թվականի հունվարին, էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ մինչև տարվա ավարտը նախատեսվում էր ընտրել օպերատոր «Չոր նավահանգստի» և Գյումրիի ինդուստրիալ պարկի համար։ 2023 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ հոլանդական MTBS խորհրդատվական միջազգային ընկերությունը նախապատրաստել է նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը, իսկ նախորդ տարվա երկրորդ կեսին պետք է մեկնարկեին շինարարական աշխատանքները։

«Չոր նավահանգիստ» հասկացությունն աշխարհում լայնորեն կիրառվում է, հատկապես այն երկրներում, որոնք ծովային ելք չունեն, ինչպես Հայաստանը։ Իր ֆունկցիոնալ առումով այն գրեթե չի տարբերվում ծովային նավահանգիստներից, պարզապես այստեղ նավերի փոխարեն օգտագործվում են երկաթուղային վագոններ և բեռնատարներ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---