Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը, որը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։
Նիստում նախագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը։
Նախագծով նախատեսվող օրենսդրական փոփոխություններով վերանայվել են կարգավորող մարմնին վերաբերող գործառույթները, ինչպես նաև հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի հայտադիմումների ներկայացման, հեղինակազորման, լիցենզիայի կասեցման կամ դադարեցման հետ կապված դրույթները, հայտնում է Արմենպրեսը։
Օրենքի փոփոխությունները վերանայում են նաև կարգավորող մարմնին վերապահված վերահսկողական գործառույթը, որը վերաբերում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշներին։ Եթե գործող օրենսդրությամբ ստանդարտները սահմանում էր ՀՀ կառավարությունը, ապա այս փոփոխություններով նախատեսվում է դրանք վերապահել Ստանդարտացման ազգային մարմնին։
Կարգավորող պետական մարմինը, երբ կասեցնում կամ դադարեցնում է հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը, եռօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է մուլտիպլեքս օպերատորներին՝ հեռարձակումը դադարեցնելու համար։ Նոր փոփոխություններով առաջարկվում է այս տեղեկատվությունը փոխանցել նաև ցանցային օպերատորին։
Բացի այդ, նախատեսվում է, որ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար հայտատուները պետք է ներկայացնեն տեղեկանք այն մասին, որ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր և պարտավորություններ չունեն։
Նախագծով առաջարկվում է լրացնել նաև նոր կարգավորում, ըստ որի՝ եթե կարգավորող պետական մարմնի որոշմամբ տեսալսողական ծրագրի կամ հաղորդման գործունեությունը կասեցված է, սակայն հեռարձակողը շարունակում է հեռարձակումը, ապա նրա հեղինակազորումը կամ լիցենզիայի գործողությունը կդադարեցվի։ Եթե նման խախտումը կատարվել է 30 օրվա ընթացքում, ապա համապատասխան պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն։
Նախագծով նախատեսվող փոփոխությունների շնորհիվ կբացառվեն օրենսդրական տարընկալումները և կապահովվի իրավական հստակեցում։