Փետրվարի 24-ին համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին՝ կեսօրին, հարսանեկան արարողության ժամանակ, կոպտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները։ Նա բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ կատարելով վտանգավոր մանևրներ, այսպես կոչված՝ «դրիֆթ», հայտնում է ոստիկանությունը։
Հարսանեկան արարողության մասնակից մի քանի «Մերսեդես» մակնիշի մեքենաների վարորդներ ևս խախտել են հասարակական կարգը՝ երթևեկելի հատվածում «դրիֆթ» կատարելով և ժամանակավորապես փակելով ճանապարհը։
Իրավապահները պարզել են նշված մեքենաների վարորդների ինքնությունը։ Խուլիգանության կասկածանքով երեք տղամարդ ձերբակալվել է, իսկ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին։
Ձերբակալված անձինք, ինչպես նաև կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին՝ հետագա գործընթացների համար։