Միրզոյան․ Սպառազինությունների վերահսկման ռեժիմը չկարողացավ կանխել ուժի կիրառման կրկնությունը![]() 26 փետրվարի 2025 - 10:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում ունեցած իր ելույթում հայտարարել է, որ ՀՀ–ն մշտապես հաստատուն դիրքորոշում է ունեցել, առ այն, որ արդյունավետ գործող սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմն անփոխարինելի նշանակություն ունի միջազգային, տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակներում ռազմական և քաղաքական կայունության ապահովման համար։ Նա հավելել է, սակայն, որ սպառազինությունների վերահսկման ռեժիմը չկարողացավ կանխել ուժի կիրառման կրկնությունը։ «Մենք հետևողականորեն պաշտպանում ենք սպառազինությունների վերահսկման համաձայնագրերի ամբողջական իրագործումը՝ զուգակցված այդ ռեժիմի առաջնորդող սկզբունքների անվերապահ պահպանմամբ՝ որպես կայուն խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր նախապայման։ Այս համատեքստում մենք նաև դիտարկում ենք «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը։ Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է եղել Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման՝ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ռեժիմին։ Մենք հետևել ենք վերջինիս դրույթներին և բարեխղճորեն կատարել մեր պարտավորությունները։ Սակայն, մեր հանձնառությանը հակառակ, իրականությունը տարբերվել է սկզբնական ակնկալիքներից։ Արդյունավետ վերահսկողության և կիրարկման բացակայության պատճառով, ռեժիմն անկամա թույլ է տվել չարամիտ մտադրություններ ունեցողներին թաքցնել իրենց ապօրինությունները։ Արդյունքները հայտնի են՝ սպառազինությունների վերահսկման ռեժիմը չկարողացավ կանխել ուժի կիրառման կրկնությունը՝ խարխլելով կայունության հենց այն հիմքերը, որոնք այն կոչված էր պաշտպանելու»,–ասել է նա։ Միրզոյանը նշել է, որ, այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս գաղափարին և հանդես գալ սպառազինությունների վերահսկման արդյունավետ ու համապարփակ ռեժիմի ամրապնդման օգտին։ «Հարավային Կովկասում թափանցիկության բարձրացման և վստահության ամրապնդման նպատակով՝ Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման գրավոր առաջարկ։ Այս նախաձեռնությունն ուղղված է փոխադարձ վստահության ձևավորմանը, սպառնալիքի առկայության ընկալման նվազեցմանը և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Սպասելով այս կառուցողական առաջարկի պատասխանին՝ մենք շարունակում ենք հուսալ, որ երկխոսությունն ու համագործակցությունը կգերակայեն թշնամանքի և անվստահության նկատմամբ։ Գիտակցելով պետությունների կողմից ռազմական արհեստական բանականության կարողությունների մշակման և զարգացման աճող միտումը՝ ներառյալ ԱԲ-ի ինտեգրումն ինքնավար գործառույթների և համակարգերի աջակցման նպատակով՝ ՀՀ–ն ընդգծում է, որ ԱԲ-ի կիրարկումը ռազմական ոլորտում պետք է պատշաճ կերպով կարգավորվի՝ համաձայն առկա միջազգային իրավական գործիքների՝ չբացառելով ապագա համապատասխան իրավակարգավորումների հնարավորությունն՝ այդպիսով նվազեցնելով միջազգային իրավունքը խախտելու նպատակով անպատասխանատու դերակատարների կողմից ԱԲ-ի շահագործման ռիսկը։ ՀՀ–ն վերահաստատում է, որ միջազգային իրավունքը, մասնավորապես միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը լիովին կիրառելի է բոլոր զինատեսակների, այդ թվում՝ արհեստական բանականություն և ինքնավար տեխնոլոգիաներ ներառող համակարգերի նկատմամբ»,–ասել է նա։ Միրզոյանը նշել է, որ ռազմական արհեստական բանականության պատասխանատու օգտագործման խթանման շրջանակում Հայաստանի Հանրապետությունը զգալի կարևորություն է տալիս ռազմական ԱԲ տեխնոլոգիաների պատասխանատու և էթիկական փոխանցմանը։ «Սա ենթադրում է, որ առաջատար պետությունները, որոնք զբաղվում են առաջադեմ ռազմական ԱԲ տեխնոլոգիաների, այդ թվում՝ ինքնավար ռազմական համակարգերի մշակմամբ, պետք է ձեռնպահ մնան այդպիսի փոխանցումների թույլատրությունից, եթե առկա է հավաստի տեղեկատվություն առ այն, որ ընդունող պետությունը նախկինում խախտել է միջազգային իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը»,–ասել է նա։ ՀՀ ԱԳ նախարարն, ամփոփելով, ընդգծել է, որ խաղաղության և միջազգային անվտանգության ապահովումը համատեղ ջանքեր պահանջող աշխատանք է, որը ծառայում է բոլորի ընդհանուր շահերին և պահանջում է շարունակական նվիրում ու անկեղծ վճռականություն։ «Հայաստանը հավատարիմ է մնում իր հանձնառությանը՝ շարունակելու բանակցված բազմակողմ լուծումների որոնումը, խթանելու երկխոսությունը և ամրապնդելու միջազգային համագործակցությունը՝ հանուն խաղաղության և անվտանգության։ Շնորհակալություն,- ասել է Միրզոյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |