ՆԳ նախարար․ Առաջիկայում կունենանք ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

ՆԳ նախարար․ Առաջիկայում կունենանք ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին, որտեղ ունեցած ելույթում կարևորել է ԵՄ-ի հետ ձևավորված համագործակցային հարթակը, որը թույլ է տալիս փորձի փոխանակում իրականացնել և նախանշել հետագա քայլերը։

Նախարարը կարևորել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործնական փուլի մեկնարկը՝ ընդգծելով, որ այն չի կարող լինել ինքնանպատակ։

«Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության այս փուլում մենք ի վերջո խոսակցությունների մակարդակից անցում ենք կատարում գործնական փուլի, ինչը նշանակում է, որ արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկվել են և կա կամք շարունակելու այդ ուղղությամբ աշխատանքը»,– նշել է նախարարը։

Նա հավելել է, որ առաջին քայլն արդեն արվել է, ԵՄ տեխնիկական առաքելության հետ քննարկվել են մի շարք տեխնիկական հարցեր, և առաջիկայում սպասվում է երկրորդ առաքելությունը։

«Նախնական պլանավորմամբ՝ առաջիկայում կունենանք այն գործողությունների ծրագիրը, որը հնարավորություն կտա տարբեր ոլորտներում Հայաստանի Հանրապետության համար սահմանել մարդկանց կենսագործունեության բարելավմանը միտված ժամանակակից բարձր ստանդարտներ»,– ասել է նա։

Անդրադառնալով Ներքին գործերի նախարարության գործունեությանը՝ Սարգսյանը նշել է, որ գերատեսչության նպատակն է ապահովել խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողություն, մասնավորապես՝ ոստիկանության ոլորտում։ Նա ընդգծել է, որ նախարարության կադրային քաղաքականության շրջանակում ԵՄ-ի հետ համատեղ իրականացվում են ծրագրեր, որոնք ուղղված են պետական ծառայությունների կատարելագործմանը։

Միգրացիոն քաղաքականության վերաբերյալ խոսելիս նախարարը նշել է, որ իրականացված ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունքում միավորել են անձնագրերի, վիզաների տրամադրման և միգրացիոն բոլոր գործընթացները՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը։ Միևնույն ժամանակ, մշակվում է նոր ռազմավարական փաստաթուղթ, որը կարտացոլի պետության միգրացիոն քաղաքականությունը։

Նախարարը նաև անդրադարձել է ՀՀ-ում կենսաչափական տվյալների պաշտպանության հարցին՝ ընդգծելով, որ «Մեր ունեցած բաց թափանցիկ մրցույթը վկայությունն է նրա, որ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ անձնական տվյալների, թե՛ կենսաչափական տվյալների պաշտպանության տեսանկյունից բարձր ստանդարտներ է որդեգրել»։

Ոստիկանության ոլորտի բարեփոխումների մասով նախարարը նշել է, որ արձանագրվել են լուրջ ձեռքբերումներ, որոնք գնահատվում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների կողմից։ ԵՄ աջակցությամբ իրականացված հարցումների համաձայն՝ հարցվածների 72%-ը կամ վստահում է ոստիկանությանը, կամ ունի չեզոք դիրքորոշում։

Արփինե Սարգսյանն առանձնացրել է Պարեկային ծառայության ընդլայնումը ողջ հանրապետության տարածքում և օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի ձևավորումը, ինչը հնարավորություն կտա արագ արձագանքել քաղաքացիների ահազանգերին։ Նա նաև նշել է, որ ԱԺ գործընկերների հետ համագործակցության արդյունքում ընդունվել է «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքը, որը սահմանում է հավաքների ազատության իրավունքի իրացման նոր ստանդարտներ։

2024-2026 թթ․ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության վերաբերյալ նախարարը նշել է, որ այն մշակվել է՝ հաշվի առնելով նախորդ ռազմավարության փորձը, անկախ փորձագիտական գնահատումները, հասարակական կազմակերպությունների հետ քննարկումները և երիտասարդության ներգրավվածությունը։

Հանրային անվտանգության համատեքստում Սարգսյանը խոսել է հանցավորության դեմ պայքարի նոր ռազմավարության մշակման մասին, ինչպես նաև ընդգծել, որ ընթացքի մեջ են Եվրոպոլում կապի սպայի նշանակման աշխատանքները, ինչը կարևոր քայլ է հանցավորության դեմ միջազգային համագործակցության տեսանկյունից։

Աղետների ռիսկի կառավարման ոլորտում նախարարը նշել է, որ ԵՄ-ն շարունակում է տրամադրել փորձագիտական աջակցություն, ինչը կօգնի բարելավել քաղաքացիական պաշտպանության մեխանիզմները։ Նա կարևորել է նաև Լոռու և Տավուշի մարզերում ԵՄ գործիքակազմով իրականացվող հետաղետային իրավիճակի գնահատման գործընթացը։

Փրկարար ծառայության ոլորտում նույնպես սպասվում են բարեփոխումներ, որոնք ներառելու են կառույցի վերափոխում և նոր մոտեցումների ներդրում աղետների ռիսկի կառավարման հարցում։ Նախարարը հույս է հայտնել, որ ԵՄ-ի հետ իրականացվող նոր ծրագրերի արդյունքում այս ոլորտում շոշափելի առաջընթաց կարձանագրվի։

Ամփոփելով իր ելույթը՝ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին սերտ համագործակցության համար։

 Ուշագրավ
---