Հայաստանում առաջին անգամ հնչել է Միշել Լեգրանի Դաշնամուրի կոնցերտը՝ Ցուչիդայի կատարմամբ

Հայաստանում առաջին անգամ հնչել է Միշել Լեգրանի Դաշնամուրի կոնցերտը՝ Ցուչիդայի կատարմամբ

PanARMENIAN.Net - Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի եզրափակիչ համերգի ընթացքում Հայաստանում առաջին անգամ հնչել է ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Լեգրանի Դաշնամուրի կոնցերտը։ Ստեղծագործությունը ներկայացրել է դաշնակահար Ռիեկո Ցուչիդան՝ նվագախմբի հետ համագործակցությամբ, իսկ համերգը ղեկավարել է դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, հայտնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

Միշել Լեգրանը իր ստեղծագործական ուղու ընթացքում 13 անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի և երեք անգամ արժանացել այն ստանալու պատիվին։ Նա նաև հինգ անգամ դարձել է «Գրեմի» և «Էմմի» մրցանակակիր, իսկ «Ոսկե գլոբուս»-ի թեկնածու է եղել 12 անգամ։

Դաշնակահարուհի Ռիեկո Ցուչիդան առաջին անգամ է կատարել Լեգրանի Դաշնամուրի կոնցերտը, ինչը, ինչպես ինքն է նշում, մեծ հաճույքով է արել։ Նա ընդգծել է, որ սկսել է խորապես ուսումնասիրել հայ կոմպոզիտորների երաժշտությունը, ծանոթ է Արամ Խաչատրյանի արվեստին և նախկինում կատարել է նրա կամերային ստեղծագործությունները։

Համերգի ընթացքում հնչել է նաև Վարդան Աճեմյանի Թիվ 4 սիմֆոնիան։ Աճեմյանը համարվում է իր սերնդի ամենատաղանդավոր կոմպոզիտորներից մեկը, ում գործերը կատարվել են ոչ միայն Հայաստանում, այլև Բուլղարիայում, Չեխիայում, Ֆինլանդիայում, Վրաստանում, Իսլանդիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կարևոր մշակութային իրադարձություն է, որն իրականացվում է 2010 թվականից՝ նպաստելով հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի ճանաչմանը և ավանդույթների պահպանմանը։ Այն կազմակերպվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ջանքերով, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ 2022 թվականից փառատոնը անցկացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համագործակցությամբ, իսկ նրա ռազմավարական գործընկերն է Team Telecom Armenia ընկերությունը։

Փառատոնի շրջանակում հայ երաժշտասերներին ներկայացվել են ինչպես երկար տարիներ չկատարված ստեղծագործություններ, այնպես էլ նոր գործերի պրեմիերաներ։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---