Մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ վերջին օրերին ակնհայտորեն ակտիվացել է «Ազատություն» ռադիոկայանի թիրախավորումը՝ սոցիալական մեդիայի հրապարակումների միջոցով այն վարկաբեկելու փորձերով, ինչը մտահոգիչ է խոսքի ազատության ապահովման տեսանկյունից։
Նշվում է, որ չնայած այս արշավը սկսվել էր ավելի վաղ, այն մեծ թափ է հավաքել, երբ լրատվամիջոցին մեղադրանքներ են հնչեցրել որոշ բարձրաստիճան պաշտոնյաներն ունրանց համախոհները։
Նշվում է նաև, որ այս համատեքստում առանձնանում են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումները, որոնցում «Ազատությունը» մեղադրվում է կեղծ տեղեկատվության տարածման կամ կողմնակալ լուսաբանման մեջ, իսկ նրա մասնագիտական որակները՝ կասկածի տակ դրվում։
Քննադատողների մի մասն անգամ իրեն իրավունք է վերապահել միջամտել լրատվամիջոցի խմբագրական որոշումներին՝ խորհուրդներ տալով, թե ում հրավիրել հարցազրույցի, ինչ հարցեր ուղղել կամ ինչու հրապարակել ընդդիմադիր գործչի կարծիքը, եթե այն հակասում է պաշտոնական դիրքորոշմանը։
«Սա ոչ այլ ինչ է, քան խմբագրական ազատությանը միջամտելու դատապարտելի փորձ, որի հետ չի կարող համակերպվել ոչ տվյալ լրատվամիջոցը, ոչ էլ լրագրողական համայնքն ընդհանրապես՝ անկախ քաղաքական նախասիրություններից։ Մանավանդ որ «Ազատությունն» իր գործունեությամբ ապացուցել է, որ բաց է հակադիր կարծիքներ ու գաղափարներ ներկայացնելու, ինչպես նաև սեփական հնարավոր բացթողումները քննարկելու և ուղղելու համար», - նշում են լրագրողական կազմակերպությունները»,–ասվում է հայտարաության մեջ։
Այնուամենայնիվ, այս պարագայում իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները, փոխանակ հանդուրժելու քննադատությունն ու փորձելու պատասխանել փաստարկներով, ընտրել են լրատվամիջոցի վրա ճնշում գործադրելու ճանապարհը։ Սա անընդունելի է հատկապես այն պայմաններում, երբ որակյալ լրագրությունը բախվում է լուրջ ֆինանսական և քաղաքական մարտահրավերների։
«Մենք՝ ստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ «Ազատություն» ռադիոկայանի դեմ ուղղված մեղադրանքներն առնչվում են հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաներին, և ցանկացած փորձ՝ սահմանափակելու այդ հարցերի լուսաբանումը, անընդունելի է։ Հետևաբար, կոչ ենք անում
իշխանության ներկայացուցիչներին՝ դադարեցնել ցանկացած լրատվամիջոցի վարկաբեկման արշավը, իսկ տեղեկատվական տարաձայնությունները լուծել հրապարակային քննարկումների միջոցով՝ հերքումների կամ պատասխանների ձևաչափով,
լրատվամիջոցներին՝ չտրվել քաղաքական ճնշումներին, միևնույն ժամանակ պահպանել բազմակարծությունը և աջակցել հասարակությանը՝ տեղեկացված լինելու իր իրավունքը իրացնելու հարցում,
հասարակությանը՝ հետևողականորեն պահանջել, որ իշխանությունները հավատարիմ մնան ժողովրդավարական արժեքներին, հարգեն խոսքի ազատությունը և դրսևորեն հանդուրժողականություն քննադատության նկատմամբ՝ մասնագիտական չափանիշներով առաջնորդվող լրատվամիջոցների հետ աշխատելիս»,–ասվում է հայտարարության մեջ։