Պետդեպը ներկայացրել է USAID-ի ստուգումների արդյունքները և բարեփոխումների ընթացքը![]() 28 փետրվարի 2025 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարությունը փետրվարի 27–ին ներկայացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (USAID) իրականացված բարեփոխումների առաջին փուլի արդյունքները։ Նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ղեկավարել է այս գործընթացը՝ վարչակազմի «Առաջինը՝ Ամերիկան» քաղաքականության շրջանակում արտաքին օգնության ծրագրերը վերանայելու նպատակով։ Պետքարտուղարության խոսնակի հայտարարության մեջ նշվում է, որ ստուգվել է 9100-ից ավելի դրամաշնորհ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցել է 15․9 միլիարդ դոլարը։ 15 օրվա ընթացքում մոտ 4100 դրամաշնորհ՝ 4․4 միլիարդ դոլար ընդհանուր գումարով, որակվել է որպես չեղարկման ենթակա՝ կազմելով դրամաշնորհային միջոցների 28%-ը, գրում է «Ամերիկայի ձայնը»։ USAID-ի գնահատմամբ, դեռևս մնում է 6200 դրամաշնորհ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 58․2 միլիարդ դոլար։ Վերանայման ավարտին, ներառյալ Ռուբիոյի անձնական ստուգումները, մոտ 5800 դրամաշնորհ՝ 54 միլիարդ դոլար ընդհանուր գումարով, ճանաչվել է չեղարկման ենթակա, ինչի հետևանքով ֆինանսավորումը կրճատվել է 92%-ով։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ղեկավարել է 90-օրյա վերանայման գործընթացը՝ վստահ լինելու, որ «հարկատուների դոլարներն օգտագործվում են Ամերիկան ավելի ուժեղ, ավելի ապահով և ավելի բարգավաճ դարձնելու համար»։ Վերանայման ընթացքում պետքարտուղարությունը և USAID-ը կասեցրել են դրամաշնորհների, պայմանագրերի և այլ ֆինանսական միջոցների տրամադրումը՝ ապահովելու մանրակրկիտ ստուգում։ Սակայն այս որոշումը չի վերաբերել շտապ պարենային օգնությանը, կյանքեր փրկող մարդասիրական աջակցությանը և այլ անհրաժեշտ միջոցառումների։ Անհատական ստուգման արդյունքում որոշ ծրագրեր դադարեցվել կամ կասեցվել են։ Սակայն դաշնային դատավորը միջամտել է՝ պահանջելով վերանայել որոշումները, վերացնել կասեցումները և վերականգնել ֆինանսավորումը։ Պատասխանելով այս որոշմանը՝ պետքարտուղարությունը և USAID-ը արագ ավարտել են ծրագրերի գնահատումները՝ վերականգնելով որոշ ծրագրերի ֆինանսավորումը, իսկ մյուսներինը՝ դադարեցնելով։ «Այս ողջախոհ գործողությունները թույլ կտան գործակալություններին և նրանց պայմանագրային ու դրամաշնորհային պաշտոնյաներին կենտրոնանալ մնացած ծրագրերի վրա, բացահայտել արդյունավետության լրացուցիչ հնարավորություններ և ավելի սերտորեն համապատասխանեցնել վարչակազմի Ամերիկայի առաջնահերթություններին հաջորդող ծրագրերը», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։ Նշվում է, որ USAID-ն պահպանել է կենսական նշանակության ծրագրեր, ներառյալ պարենային օգնությունը, ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցները, ինչպես նաև օժանդակությունը մի շարք երկրներին, այդ թվում՝ Լիբանանին, Հայիթիին, Վենեսուելային և Կուբային։ Հաջորդ փուլում պետքարտուղարությունը և USAID-ն, համագործակցելով Կոնգրեսի հետ, կմշակեն արտաքին օգնության նոր բարեփոխումներ։ Բացի այդ, USAID-ն յուրաքանչյուր չկատարված պարտավորության ենթարկել է անհատական վերանայման և անմիջապես դադարեցրել այն ֆինանսավորումը, որը չի համընկնում ԱՄՆ ազգային շահերի հետ, ընդգծվում է հայտարարության մեջ։ «USAID-ը լիովին հավատարիմ է շարունակելու մնացած դրամաշնորհներն ու ծրագրերը, որոնք պետքարտուղար Ռուբիոն սահմանել է որպես շարունակական առաջնահերթություն՝ արտաքին օգնության նոր շեշտադրմանը համահունչ դարձնելով «Ամերիկան նախևառաջ» քաղաքականությանը, որն ավելի լավ կծառայի ամերիկացի հարկատուների շահերին», - նշվում է փաստաթղթում։ «Այս ջանքերը հավասարակշռություն կհասցնեն իմաստալից մարդասիրական օգնության և հարկատուների դոլարները խելամտորեն օգտագործելու անհրաժեշտության միջև՝ առաջ մղելով ամերիկյան շահերը ներսում և դրսում», - ասված է պետքարտուղարության հայտարարության մեջ։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հայտարարել է, որ փետրվարի 8–ից, կազմակերպության բոլոր վարձու աշխատակիցներն ամբողջ աշխարհում հարկադիր պարապուրդի կուղարկվեն, բացառությամբ առաքելության համար կարևոր գործառույթներ, հիմնական ղեկավարություն և հատուկ նշանակված ծրագրեր իրականացնող անձնակազմի: Արտասահմանում տեղակայված աշխատակիցներին հրահանգվել է 30 օրվա ընթացքում վերադառնալ ԱՄՆ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |