Ծառուկյան․ Խնդրում եմ ինձ չներկայացնել ԲՀԿ ղեկավար` ինչ անում եմ, որպես հայ մարդ եմ անում

Ծառուկյան․ Խնդրում եմ ինձ չներկայացնել ԲՀԿ ղեկավար` ինչ անում եմ, որպես հայ մարդ եմ անում

PanARMENIAN.Net - Գործարար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում, շնորհակալություն հայտնելով բոլոր ԶԼՄ–ներին և հանրային գործիչներին, որոնք վերջին օրերին հրապարակայնորեն աջակցել են իր քայլերին, խնդրել է իրեն չներկայացնել որպես ԲՀԿ ղեկավար, քանի որ ինչ անում է, անում է որպես հայ մարդ։

«Ես մի խնդրանք ունեմ. իմ գործունեությունը, այս կամ այն նախաձեռնությունը քննարկելիս, լուսաբանելիս խնդրում եմ ինձ չներկայացնել որպես ԲՀԿ ղեկավար»,–գրել է նա։

Նրա խոսքով՝ ներկայումս իր կատարած բոլոր գործողությունները կուսակցական շահերով պայմանավորված չեն, և ինքը դրանք չի անում որպես կուսակցության ղեկավար։

«Անում եմ՝ որպես Գագիկ Ծառուկյան, որպես հայ մարդ, որի կյանքի նպատակն իր երկիրը խաղաղ տեսնելն է, ներքին համերաշխությունը վերականգնելն է, ազգային և պետական վերածննդի սկիզբը դնելն է։

Ասել եմ մեկ տարի առաջ ու հիմա կրկնում եմ. այս վիճակը մեր ազգին սազական չէ։ Մենք խաղաղասեր ու արժանապատիվ ժողովուրդ ենք։ Իրավիճակը, որում հայտնվել ենք, պահանջում է լուծումներ, որոնց չենք կարող գնալ հին, քարացած ձևերով։ Մեր ժողովուրդն այսօր չի վստահում որևէ կուսակցության, քանի որ հասկանում է, որ այսօր որևէ առանձին կուսակցություն չի կարող երկիրը այս վիճակից հանել։

Մեզ հիմա առողջ, ունակ ուժերի և անհատների համախմբում է պետք։ Պիտի խելք խելքի տանք, ուս ուսի տանք՝ երկիրը հանենք այս վիճակից։ Արդեն հետո, երբ կլինի հանդարտ, կայուն վիճակ, թող ստեղծվեն նոր կուսակցություններ, թարմացվեն հները, ինչքան ուզում են՝ բանավիճեն, քննարկեն, վարկանիշեր վաստակեն։

Հիմա, այս դժվար փուլում, մեր երկրին պետք է ունակ, գրագետ մարդկանց համախմբում՝ տարբեր ձևաչափերով, տարբեր միավորներով։ Պիտի գտնենք ձևը՝ համախմբելու մարդկանց, որոնք կարող են գտնել լավագույն լուծումները, որոնք ունեն ոչ ստանդարտ մտածելու ունակություն, փորձ, գիտելիք, դիմացինին լսելու շնորհք։ Մենք բոլոր ոլորտներում ունենք կայացած, գիտակ մարդիկ, որոնք կարող են իրենց ներդրումն ունենալ մեր երկրի վերականգնման գործում։ Հայաստանում և սփյուռքում ունենք բարձր պրոֆեսիոնալներ, ազդեցիկ մարդիկ, բոլոր ոլորտներում՝ տնտեսության կառավարման, արտաքին քաղաքականության, գիտության, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության, քաղաքային պլանավորման, և այլն, և այլն»,–ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ բոլոր ոլորտներում պետք են մարդիկ, որոնք ունեն աշխատանքի փորձ, կենսափորձ, որ գործ են արել, հաջողության ճանապարհ են անցել, և որոնք կմտածեն ոչ թե կուսակցական կամ անձնական շահի մասին, այլ՝ պետության և ժողովրդի։։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---