Երևանի Ադոնցի 4 հասցեում տեղի է ունեցել Microchip ընկերության նոր գրասենյակի պաշտոնական բացումը։ Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, ինչպես նաև Microchip-ի բարձրաստիճան ղեկավարներ՝ FPGA բիզնես ստորաբաժանման մարքեթինգի, ռազմավարության և հաճախորդների կիրառական լուծումների փոխնախագահ Շաքիլ Պիրանը և նույն ստորաբաժանման ծրագրային ապահովման ու լուծումների զարգացման ավագ տնօրեն Ռաջիվ Ջարայամանը։
Microchip Technology-ի ներկայացուցիչները մարտի 1-4-ը գտնվում են Հայաստանում՝ նշանավորելու նոր ներդրումային փուլի մեկնարկը և նոր գրասենյակի բացումը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի հիմնական դերակատարները, այդ թվում՝ Instigate-ի համահիմնադիրները, որոնք մեծ դերակատարություն են ունեցել Հայաստանում թիմի ձևավորման գործում 2020 թվականին՝ ինչը հետագայում հանգեցրել է Microchip-ի կողմից դրա ձեռքբերմանը 2023 թվականի մայիսին, հայտնում է Արմենպրեսը։
ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Microchip-ի նման խոշոր ընկերությունների կողմից Հայաստանում գրասենյակներ հիմնելը վկայում է այն մասին, որ երկրի տեխնոլոգիական զարգացման քաղաքականությունը տալիս է ցանկալի արդյունքներ։
«Microchip-ի հետ համագործակցությունը կարևոր է այն համատեքստում, որ սա երկկողմ փոխշահավետության սկզբունքի հիման վրա է դրված։ Նախ շահում է Հայաստանը, որովհետև այս ամենը դրական ազդեցություն է ունենում մեր տնտեսության զարգացման վրա, բացվում են նոր աշխատատեղեր։ Ինչպես նաև այս ամենը գլոբալ շուկաներին հասանելիություն է ապահովում մեր ինդուստրիայի համար։ Սա փոխշահավետ համագործակցություն է նաև նման վերազգային ընկերության համար՝ նոր տաղանդներ ներգրավելու և արտադրական, հետազոտական կարողություններն ընդլայնելու առումով»,- ասել է Հայրապետյանը։
Նախարարը նաև ընդգծել է, որ Microchip-ի գործունեությունը սահմանափակված չէ միայն Երևանով, ինչը նախարարության քաղաքականության համար առանցքային նշանակություն ունի։
FPGA-ի բիզնես ստորաբաժանման մարքեթինգի, ռազմավարության և հաճախորդների կիրառական լուծումների փոխնախագահ Շաքիլ Պիրանը նշել է, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել կարճ ժամանակում բացել հարմարավետ գրասենյակներ ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Իջևանում։
«Բարձրակարգ գործունեության շնորհիվ այստեղ աճում է մեր ներկայությունը։ Այս օրերին ունեցած հանդիպումներից ու քննարկումներից իսկապես տպավորված եմ։ Համոզված եմ, որ այս շենքից դուրս կգան համաշխարհային նշանակության բարձր որակի լուծումներ, ծրագրային ապահովում և ալգորիթմներ, որոնք կիրառվում են տարբեր ոլորտներում։ Շատ նորարարությունների հեղինակ կդառնան հենց այս թիմի ներկայացուցիչները։ Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանին դարձնեն զարգացող համաշխարհային գործընթացների մասնակից։ Հուսով ենք, որ նրանց աշխատանքի շնորհիվ բազմաթիվ մարդիկ բարձր տեխնոլոգիաների բնագավառում կիմանան Հայաստանի դերի մասին»,- ասել է Պիրանը։
FPGA-ի բիզնես ստորաբաժանման ծրագրային ապահովման և լուծումների զարգացման ավագ տնօրեն Ռաջիվ Ջարայամանը հիշել է, որ դեռ 15 տարի առաջ, երբ աշխատում էր ստարտափ ընկերությունում, նրան խորհուրդ են տվել այցելել Հայաստան և ծավալել գործունեություն՝ հաշվի առնելով տեղական մասնագետների որակը։
«Սա արդեն իմ վեցերորդ այցն է Հայաստան։ Մենք սկզբում ստեղծեցինք փոքրիկ ընկերությունը, որտեղ աշխատակիցների թվաքանակը հետագայում հասավ վաթսուն հոգու։ Երբ միացանք Microchip ընկերությանը, որոշեցինք զարգացնել նոր հնարավորություններ Հայաստանում՝ բացելով մեր մասնաճյուղերը։ Հայաստանի գրավչության մի մասը մեզ համար ոչ միայն տաղանդի և որակի առկայությունն է, այլև մշակութային ու մտածելակերպային առանձնահատկությունները։ Հայաստանում, անշուշտ, առկա է տեղական դպրոց, որը խթանել է տեղի կադրերի աճն ու որակական հմտությունները և մեզ թույլ է տվել գրասենյակ բացել ոչ միայն Երևանում, այլև մարզերում, որոնք, անկասկած, զարգացնելու ենք։ Դրա համար առկա է բավականին հզոր թիմ, և մենք ձգտելու ենք այն մեծացնել»,- ասել է Ջարայամանը։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանն էլ ընդգծել է, որ տվյալ էկոհամակարգում բոլոր մասնակիցները չափազանց կարևոր դեր ունեն։
«Մեզ համար կենսական նշանակություն ունի ոչ միայն սեփական արտադրանք թողարկող կազմակերպությունների աշխատանքը, այլև օտարերկրյա ընկերությունների կողմից Հայաստանում գրասենյակներ բացելու հանգամանքը, որոնց միջոցով գիտելիք և նոր չափորոշիչներ են գալիս Հայաստան։ Դրանց հիմքի վրա հետագայում ստեղծվում են նոր ստարտափեր։ Այդպիսով միջազգային կազմակերպություններն էական դեր են խաղում մեր ենթակառուցվածքների զարգացման գործում։ Այսօր հասանք նոր հանգրվանի՝ քննարկելով հանրային և մասնավոր հարթակներում համագործակցության կարևոր դրույթներ։ Microchip-ի դերն իսկապես կարևոր է այս մասնագիտական բնագավառում, որովհետև օգնելու է բացահայտել նոր տաղանդներ։ Այս համագործակցությունը վկայում է այն մասին, որ հայ ճարտարագետներն ու ծրագրավորողները կարող են լուծել համաշխարհային մակարդակի խնդիրներ և արժեքներ մատուցել ոչ միայն մեր ժողովրդին, այլև միջազգային հանրությանը»,- նշել է Կարապետյանը։