Փաշինյան․ Վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կխորացնենք ՀՀ և Բուլղարիայի հարաբերությունները

Փաշինյան․ Վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կխորացնենք ՀՀ և Բուլղարիայի հարաբերությունները

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ուղարկել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ՝ փոխանցելով իր ջերմ բարեմաղթանքները։

Նա վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքով կխորացվեն ՀՀ և Բուլղարիայի հարաբերությունները։

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:

Համոզված եմ, որ Ձեր կառավարման ներքո բարեկամ Բուլղարիան կշարունակի իր վերընթաց ուղին և կունենա բազում ձեռքբերումներ:

Ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկկողմ միջպետական հարաբերությունները նշանավորվել են փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության շարունակական զարգացմամբ։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և խորացնել երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ի շահ մեր բարեկամ երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց»,– ասվում է ուղերձում։

 Ուշագրավ
---