4 մարտի 2025 - 15:12 AMT
Վարդանյանի փաստաբանն ասել է, թե Փաշինյանն ինչ քայլեր կարող է ձեռնարկել

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի իշխանություններին ակտիվորեն մասնակցել Բաքվի բանտերում պահվող գերիների ազատման գործընթացին՝ ներկայացնելով կոնկրետ քայլերի ցանկ, որոնք կարող է ձեռնարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաստաբանը նշել է, որ առաջնային քայլերից պետք է լինի գերիների ազատ արձակման հարցը պետական օրակարգում առաջնահերթություն դարձնելը, մամուլի ասուլիս հրավիրելը և առաջատար միջազգային պարբերականներում հոդված հրապարակելը, հայտնում է Sputnik Արմենիան։

Բացի այդ, նա կարևորել է գերիների ընտանիքների հետ հանդիպումների անցկացումը, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) և ԵԱՀԿ-ին դիմելու անհրաժեշտությունը՝ Բաքվում ընթացող «դատարաններին» դիտորդներ ուղարկելու խնդրանքով։

Գենսերի առաջարկած հաջորդ քայլերից մեկը դաշնակից երկրներին դիմելն է, հատկապես այն երկրներին, որոնց դեսպանատները ներկայացված են Բաքվում։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է նրանց ներկայացուցիչներին ուղարկել «դատարաններ», իսկ Բաքվին կոչ անել թույլատրել հայ դիտորդների ներկայությունը դատավարություններին։

Փաստաբանը նաև կարևորել է ԱՄՆ ղեկավարությանը դիմելու հարցը՝ առաջարկելով կապ հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ինչպես նաև Ֆրանսիայի և Եվրոպական միության առաջնորդների հետ։

Գենսերը նշել է, որ Հայաստանը պետք է շարունակի դատական գործընթացները ՄԱԿ-ի Միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)՝ միաժամանակ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազից պահանջելով հետաքննություն սկսել Արցախի 120,000 հայ քրիստոնյաների` Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանման գործով։

Հայաստանը կարող էր կոչ անել համաշխարհային կրոնական կազմակերպություններին` աջակցել հայ քրիստոնյաներին հալածելու խնդրի լուծմանը։

Վերջին կետում փաստաբանը նշել է, որ անհրաժեշտ է նաև դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին՝ ընդգծելով նրանց դերը խնդրի լուծման գործում։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին ասել է, որ եթե գերիների վերադարձի հարցով հրապարակային, տեսանելի քայլեր ձեռնարկվեն, ապա դա կարող է վնասել գործընթացին, գրում է Aysor.am-ը։

«Որևիցե մեկի մոտ կասկած թող չլինի, որ որևիցե մի ռազմագերի, որը հիմա Բաքվի դատարնում ձևական դատավարության ընթացքում ամբաստանյալ է հանդիսանում, մեզ համար համարվում է անցանկալի անձ, նրանք մեր հայրենակիցներն են ու իրենց վերադարձի հետ կապված բոլոր քայլերը արվել են ու արվելու են։ Ուղղակի հիմա դատավարության աղմուկը բարձր է, բոլորը շուտափույթ լուծումներ են ուզում, որն այս փուլում, հաշվի առնելով, թե ովքեր են դատավարությունն իրականացնում, շատ դժվար է լինելու։ Բայց դա չի նշանակում, որ փորձերն ու աշխատանքներն այդ ուղղությամբ չեն շարունակվելու»,–ասել է նա։

Նա հավելել է, թե մարդիկ մոռանում են, որ 150-ից ավելի հաստատված գերի է եղել, հիմա մնացել է հաստատված 23 հոգի, որոնցից «11-ը կամ 12-ը Ղարաբաղի նախկին ղեկավարներն են»։

Սիմոնյանը նաև ասել է, որ ամեն ինչ պետք է արվի, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա, «եթե նույնիսկ ինքն ինչ-որ տեղից գործուղվել է», հայտնում է Aysor.am-ը։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները վկայում են մարմնի տեսանելի հատվածներում առկա վնասվածքների մասին։ Արդեն մեկ շաբվաթ է Վարդանյանը հացադուլի մեջ է։ Վերջին դատական նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, իսկ դատական նիստի ընթացքում արված լուսանկարներում տեսանելի էին նրա դեմքին առկա վնասվածքները։ Չնայած դրան՝ դատարանը ստիպել է նրան մասնակցել նիստին։ Վարդանյանի միջազգային փաստաբանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։