Բացվել է Թումո Կապանի հիմնական շենքը

Բացվել է Թումո Կապանի հիմնական շենքը

PanARMENIAN.Net - Կապանի երկաթուղային կայարանի պատմական շենքում բացվել է Թումո Կապանի հիմնական կրթական կենտրոնը, որը դարձել է Սյունիքի հարավում Թումոյի կրթական ցանցի առանցքային հանգույցը։

Կենտրոնը, որը միավորում է Մեղրիի և Քաջարանի Թումո տուփերը, նախատեսված է մոտ 2500 պատանու համար։ Շուտով Գորիսում ևս գործարկվելու է Թումո տուփ, որի ուսանողները կապահովվեն տրանսպորտային ծառայությամբ՝ մասնակցելու Կապանի կենտրոնում անցկացվող դասընթացներին և աշխատարաններին։

Կենտրոնի պաշտոնական բացմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը և Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։ Միջոցառմանը ներկա էին պետական պաշտոնյաներ, Թումոյի միջազգային ու տեղացի գործընկերներ, ուսանողներ, ծնողներ և այլ հյուրեր։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը նշել է․ «Շատ ուրախ ենք, որ Թումո կենտրոնը հիմնադրվում է հենց այստեղ, որովհետև ժամանակին երկաթուղին մեզ համար եղել է ոչ միայն տրանսպորտային կարևոր հանգույց, այլև նպաստել է մեր ամբողջ տարածաշրջանի տնտեսության և մշակույթի հզորացմանը: 21-րդ դարում չափազանց կարևոր է գիտելիքահեն տնտեսության և տեխնոլոգիաների զարգացումը: Եվ հույս ունեմ, որ մեր պատանիները կօգտագործեն այս հնարավորությունը՝ կերտելու մեր Կապանի վաղվա օրը»։

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծել է․ «Մարդկային կապիտալի, հմտությունների, նորարարության և տարածքային համաչափ զարգացման մեջ ներդրում ունենալը մեզ համար կարևոր առաջնահերթություն է: Այս համատեքստում մեծ ուրախություն և պատիվ է, որ այսօր Կապանում բացում ենք Թումո կենտրոն։ Այն ճարտարապետական ժառանգության գոհար հանդիսացող շենքում է, որը պահպանվել և արդիականացվել է։ Բացումը համատեղում ենք Բարեկենդանի հետ: Այսպիսով մենք ցույց ենք տալիս մշակույթի և տոների հանդեպ մեր գնահատանքը։

Թումո Կապանը Հայաստանում նորարարությանը և տարածաշրջանային զարգացմանը աջակցելու ԵՄ հանձնառության դրսևորումն է։ Կենտրոնը ոչ միայն կօգնի երիտասարդներին ձեռք բերել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են տեղում հաջողության հասնելու համար, այլև կնպաստի Սյունիքի մարզի կայուն տնտեսական զարգացմանը և դիմակայունության ամրապնդմանը»։

Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն ասել է, որ Սյունիքի բոլոր պատանիներին թումոյական կյանքեր վերափոխող ուսումնական փորձառությամբ ապահովելու ճանապարհը սկսվել է դեռևս 2021-ին մեկ Թումո տուփից՝ այժմ հասնելով կրթական ցանցի։

«Սյունիքում Թումոյի կրթական ցանցն ամբողջացնելու համար մեզ մնում է միայն հիմնել Սիսիանի կենտրոնը և հարակից տուփերը։ Հույս ունենք, որ այդ մարտահրավերն էլ կհաղթահարենք՝ հուսալի գործընկերներ գտնելով»,–ասել է նա։

Կրթական կենտրոնի շինարարությունը դեռ շարունակվում է, և ապագայում ուսանողների համար կբացվեն նորակառույց մասնաշենքեր։ Մինչ այդ, դասերը տեղի կունենան նաև շենքի հարևանությամբ գործող ժամանակավոր կենտրոն-տուփերում։

Թումո Կապանը նախատեսված է ոչ միայն պատանիների, այլև ամբողջ համայնքի համար։ Այստեղ կիրականացվի նաև Թումո լաբեր ծրագիրը, որը ԵՄ-ի հետ համագործակցության արդյունք է։ 18 տարեկանից բարձր մասնակիցները հնարավորություն կունենան ներգրավվել տեխնոլոգիաների, գիտության և ճարտարագիտության ոլորտներին առնչվող գործնական նախագծերում։ Կենտրոնում կգործեն միջոցառումների, համատեղ աշխատանքի և ուսուցման համար նախատեսված տարածքներ։

Պաշտոնական բացման արարողությունը համընկել է Թումոյի տոնացույցում ընդգրկված Բարեկենդանի տոնակատարության հետ։ Միջոցառման շրջանակում տեղի են ունեցել գեղագրության պերֆորմանսներ, մաղատպագրության աշխատարաններ, ազգային երգ ու պարի ներկայացումներ, ինչպես նաև Թումոյի մշակութային ժառանգության թվայնացման ծրագրի աշխատանքների ցուցադրություն։

Տոնական օրը եզրափակվել է Միսակ Սամոկատյանի և Շահեն Խանդկարյանի ստեղծած աուդիովիզուալ փորձառությամբ, որը նվիրված էր Կապանի երկաթուղային կայարանի պատմությանը և նրա վերածնունդին։

Այս կրթական նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կապանի համայնքապետարանի, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» ծրագրի, ինչպես նաև Թումոյի դոնորներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի համատեղ ջանքերով։ Մեղրիի և Գորիսի կրթական տուփերի գործունեությունը հնարավոր է դարձել Քաշյան ընտանիքի և «ContourGlobal» ընկերության հովանավորության շնորհիվ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---