4 մարտի 2025 - 18:23 AMT
Պատգամավոր․ Մեքենաների պահեստամասերի գողությունը պատուհաս է դարձել

Վերջին շրջանում տրանսպորտային միջոցների պահեստամասերի գողության դեպքերը զգալիորեն ավելացել են, չնայած ոստիկանությունն ակտիվորեն պայքարում է այդ երևույթի դեմ։ Այդ մասին Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ այդ հարցը պատուհաս է դարձել։

Պատգամավորի խոսքով՝ խնդիրը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տեսակի հանցագործության համար սահմանված պատիժը չափազանց մեղմ է, և այն դիտարկվում է որպես մասնավոր գանգատի գործ, և, հետևաբար, դեպքերի մեծ մասն իրավական շարունակություն չի ստանում, հայտնում է 1lurer.am-ը։

«Նույնիսկ հանցագործություն կատարած անձը գտնվում է քննության փուլում, բայց շարունակում է կատարել նույն հանցագործությունը»,- ընդգծել է պատգամավորը։

Խաչատրյանը հավելել է, որ ներկայումս նախագիծ է մշակվում, որի նպատակն է վերանայել տրանսպորտային միջոցների պահեստամասերի գողության համար նախատեսված պատժաչափը։ Այս փոփոխությունը հնարավորություն կտա դատական մարմիններին կիրառել ավելի խիստ միջոցներ՝ ապահովելով, որ հանցագործության ծանրությունն ու պատիժը համապատասխանեն իրար։

Իր հերթին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը առաջարկել է բազմաբնակարան շենքերի բակերում տեղադրել տեսախցիկներ և համայնքների միջոցով ապահովել տեսահսկման համակարգի պարտադիր ներդրում։