4 մարտի 2025 - 18:44 AMT
Հաջակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլն ու նստացույցը շարունակվում են

Երևանի Ազատության հրապարակում շարունակվում է հացադուլն ու նստացույցը՝ ի աջակցություն Բաքվում ապօրինաբար գերության մեջ պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, ինչպես նաև Վարդան Ավագյանն ու Արտավազդ Լալայանը չորրորդ օրն անընդմեջ գտնվում են հրապարակում՝ կոչ անելով Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը, հայտնում է «Փաստինֆոն»։

Այս պահին, ըստ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի, թե Մանե Թանդիլյանի, թե մյուս հացադուլավորների առողջական վիճակը բավարար է գնահատվում։ Նա նշել է, որ նրանց ինքնազգացողությունը ներկայումս նորմալ է։

Մարտի 3–ին Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը վատթարացել էր՝ բժիշկները մոտեցել են նրան, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել ու հորդորել դուրս գալ հացադուլից։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Երևանի Ազատության հրապարակ, հետաքրքրվել հացադուլավորների առողջական վիճակով, ինչպես նաև նրանց բժշկական օգնության ու սպասարկման հետ կապված խնդիրներով, հայտնում է Aysor.am-ը։

Պաշտպանը հետաքրքրվել է հացադուլավորների առողջական վիճակով, ինչպես նաև նրանց բժշկական օգնության ու սպասարկման հետ կապված խնդիրներով։

Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները ներկայացրել են Պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ ընդգծելով, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել։

Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլի մեջ է՝ բողոքելով Բաքվի դատարանում ընթացող դատավարական գործընթացի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեմ։ Չնայած առողջական վիճակի վատթարացմանը, փետրվարի 25-ին նրան ստիպել են մասնակցել դատական նիստին, որը չի հետաձգվել՝ նույնիսկ նրա ինքնազգացողության վատ լինելու պատճառով։ Ավելին, հրապարակված կադրերում նկատելի են եղել մարմնական վնասվածքների հետքեր նրա դեմքին։