Հայաստանը որոշում է կայացրել միանալ Հաագայի մշտական արբիտրաժային դատարանին։ ՀՀ Ազգային ժողովում այդ նպատակով ներկայացվել է 1899 և 1907 թվականների խաղաղության կոնվենցիաները վավերացնելու մասին օրինագիծը, որը ներկայացրել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա ընդգծել է, որ այս կոնվենցիաների հիման վրա ձևավորված մշտական արբիտրաժային դատարանն ապահովում է պետությունների և միջազգային կազմակերպությունների միջև վեճերի խաղաղ կարգավորման հնարավորությունը, հայտնում է Sputnik Արմենիան։
Քանի որ Հայաստանը դեռևս չի հանդիսանում այս կոնվենցիայի մասնակից, այլ երկրները կարող են հայցեր ներկայացնել Արբիտրաժային դատարան նրա դեմ, սակայն Հայաստանն ինքը չունի այդ հնարավորությունը։ Ներկայումս Հայաստանի դեմ ներկայացված են երկու միջպետական և մեկ ներդրումային հայց։
Մշտական արբիտրաժային դատարանի անդամ դառնալու դեպքում Հայաստանը կստանա հայցեր ներկայացնելու հնարավորություն, ինչպես նաև կունենա չորս արբիտր նշանակելու իրավունք։ Ավելին, այս դատարանի արբիտրներն առաջադրվում են որպես Արդարադատության միջազգային դատարանի թեկնածուներ, որոնց հարցը քննարկվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում։
Մշտական արբիտրաժային դատարանը, ի տարբերություն Արդարադատության միջազգային դատարանի, անմիջականորեն չի ենթարկվում ՄԱԿ-ին, չնայած երկու կառույցների նստավայրերը գտնվում են Հաագայում։ Հարկ է նաև չշփոթել այս դատարանը Միջազգային քրեական դատարանի հետ, որը ևս տեղակայված է Հաագայում։