4 մարտի 2025 - 18:59 AMT
Լևիկ Խաչատրյանը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ անժամկետ հացադուլ է սկսել հաջակցություն գերիների

«Կամք» նախաձեռնության անդամ Լևիկ Խաչատրյանը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց անժամկետ հացադուլ է սկսել, հայտնում է Aysor.am-ը։

Նրա պահանջն է, որ միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև գերտերությունները կիրառեն իրենց ամբողջ գործիքակազմը՝ ապահովելու համար, որ Ադրբեջանում դադարեցվեն խոշտանգումներն ու նվաստացումները։

Ազատության հրապարակում շարունակվում է հացադուլն ու նստացույցը՝ հաջակցություն Բաքվում ապօրինաբար գերության մեջ պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, ինչպես նաև Վարդան Ավագյանն ու Արտավազդ Լալայանը չորրորդ օրն անընդմեջ հացադուլի մեջ են՝ կոչ անելով Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները վկայում են մարմնի տեսանելի հատվածներում առկա վնասվածքների մասին։ Արդեն մեկ շաբվաթ է Վարդանյանը հացադուլի մեջ է։ Վերջին դատական նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, իսկ դատական նիստի ընթացքում արված լուսանկարներում տեսանելի էին նրա դեմքին առկա վնասվածքները։ Չնայած դրան՝ դատարանը ստիպել է նրան մասնակցել նիստին։ Վարդանյանի միջազգային փաստաբանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։