Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի պետական հեռուստաընկերությանը (IRIB) տված հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացին, ասել է, որ նախագծում 2 չհամաձայնեցված հոդված է մնում։
«Խաղաղության պայմանագրի նախագծում դեռ կան երկու հոդվածներ, որոնց շուրջ դեռ չի հաջողվել գալ համաձայնության, և մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ»,–ասել է վարչապետը։
Նա նաև պատասխանել է տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների բացման և դրանց վերահսկողության վերաբերյալ հարցերին։
«Դուք տեղյակ եք, որ մենք ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի նպատակն է ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային ու տնտեսական կապերը։ Այս համատեքստում առանցքային նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերագործարկումը։ Մասնավորապես, կարևոր են երկաթուղային կապերի վերականգնումն Ադրբեջանից դեպի Նախիջևան՝ Հայաստանի տարածքով, և Հայաստանից դեպի Ադրբեջանի տարածք՝ Նախիջևանի միջով։
Հստակ է, որ մենք վերջերս Ադրբեջանի համար շատ կոնկրետ առաջարկ ենք ձևավորել՝ այս խնդրի լուծման ուղղությամբ առաջին փուլում կենտրոնանալով երկաթուղային բեռնափոխադրումների վրա։ Կարևոր է, որ այս հարցը կարգավորվի՝ հաշվի առնելով երկրների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության սկզբունքները»,–ասել է Փաշինյանը։
Բացի այդ, նա ընդգծել է, որ առաջարկվող լուծումը լիովին բավարարում է ազատ և անխոչընդոտ բեռնափոխադրումների ապահովման պայմաններին՝ հիշեցնելով, որ ներկայումս Ադրբեջանը Նախիջևանի հետ կապ ունի Իրանի տարածքով, և Հայաստանը պատրաստ է տրամադրել նույն պայմանները՝ համապատասխանեցնելով դրանք տարածաշրջանային առանձնահատկություններին։
Վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստ է որոշակի պարզեցումների, բայց փոխադարձության սկզբունքով։
Անդրադառնալով երրորդ երկրների կողմից երթուղիների վերահսկողության շրջանառվող թեզերին՝ Փաշինյանն ասել է, որ եթե առաջնորդվենք ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության սկզբունքներով, ապա պատասխանը հետևյալն է՝ երրորդ երկրների ներկայության մասին խոսակցություններն անընդունելի են։
«Եթե հենվենք իմ նշած սկզբունքների վրա, ապա երրորդ ուժերի ներգրավման անհրաժեշտություն չկա։ Պետք է ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ գրավոր, ոչ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել կամ համաձայնություն չի տվել, որ իր տարածքում ինքնիշխանությունը, իրավազորությունը կամ տարածքային ամբողջականությունը սահմանափակվի որևէ կերպ։ Նման պնդումները, եթե կան, հիմնազուրկ են և չեն համապատասխանում իրականությանը»,–ասել է Փաշինյանն իրանական լրատվամիջոցին տված հարցազրույցում։