Ազգային ժողովը 64 կողմ, 5 դեմ ձայներով և առանց ձեռնպահ քվեարկությամբ վերջնականապես ընդունել է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը։
Ըստ նոր փոփոխությունների՝ ՀՀ օրհներգի վերջին քառատողը կտեղափոխվի 2–րդ տեղ, մինչդեռ 2–րդ և 3–րդ քառատողերը համապատասխանաբար կզբաղեցնեն 3–րդ և 4–րդ տեղերը. «Նայիր նրան երեք գույնով` նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»։
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է, որ առաջիկայում հանդես կգան նոր փոփոխությունների առաջարկով, հայտնում է Sputnik Արմենիան։
Նախագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը։
Իշխանական պատգամավորների կարծիքով՝ ՀՀ օրհներգը, որպես երկրի կարևորագույն խորհրդանիշներից մեկը, պետք է ունենա հստակ ձևավորված ստանդարտներ՝ ներառյալ տեքստը, տևողությունը, երաժշտությունը, ռիթմը, ինչպես նաև դրա կարճ տարբերակի միասնական մոտեցումը՝ 25-30 վայրկյանի սահմաններում։
Բացի այդ, փոփոխություններով նախատեսվում է, որ օրհներգը պետք է սկսվի և ավարտվի Հայաստանի մասին խոսքերով։ Նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ԿԳՄՍՆ-ն կհրապարակի օրհներգի պաշտոնական տարբերակը ՀՀ կառավարության կայքում։
Կգործի նաև օրհներգի պաշտոնական ձայնագրություն՝ մի քանի ձևաչափերով, այդ թվում՝ ակապելլա և նվագախմբային կատարմամբ։