Իսպանացի խորհրդարանական Ջոն Ինյարիտուն, գնահատելով ԵՄ առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու որոշումը, ընդգծել է, որ Հայաստանում Եվրոպական միության դիտորդների առկայությունն առանցքային դեր է խաղում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր ագրեսիվ գործողությունների կանխման հարցում։
«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների ներկայիս օկուպացիան՝ Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայությունը կենսական նշանակություն ունի սահմանազատման գործընթացում հետագա էսկալացիան կանխելու և դիվանագիտությունն առաջ մղելու համար»,- նշել է պատգամավորը, հայտնում է Արմենպրեսը։
Անդրադառնալով այս որոշման կարևորությանը՝ Ինյարիտուն ընդգծել է, որ դա էական քայլ է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ։
«Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու ԵՄ խորհրդի վերջին որոշումը նշանակալի քայլ է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման համար։ Առաքելությունը վճռորոշ դեր է խաղում Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի մշտադիտարկման, միջազգային իրավունքի պահանջներին համապատասխանության ապահովման ու երկու ժողովուրդների միջև խաղաղ երկխոսությանը նպաստելու գործում»,- ընդգծել է Ինյարիտուն։
Պատգամավորը նաև նշել է, որ ԵՄ առաքելության գործունեության երկարաձգումը կնպաստի ոչ միայն Հարավային Կովկասի, այլև տարածաշրջանից դուրս խաղաղության և անվտանգության ապահովմանը։
«Այս որոշումն արտացոլում է ԵՄ հանձնառությունն՝ աջակցելու Հայաստանին ժողովրդավարական կառավարումն ամրապնդելու, օրենքի գերակայության պահպանման և կայունության զարգացմանն ուղղված նրա ջանքերում: Ավելին, այն համընկնում է Հարավային Կովկասում և նրա սահմաններից դուրս խաղաղության և անվտանգության ապահովման ԵՄ-ի ավելի լայն ռազմավարական նպատակների հետ»,- հավելել է նա։
ՀՀ–ում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը երկարացվել է 2 տարով՝ մինչև 2027–ի փետրվար։