Առաջարկվում է ևս 3 տարի մասնավոր ընկերությունների կողմից թողարկվող արժեթղթերից ստացվող եկամուտներն ազատել եկամտային հարկից:
Բաբկեն Թունյանն, ԱԺ–ում ներկայացնելով իր հեղինակած նախագիծը, ասել է, որ 2020–ին իր գործընկերներ Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի հետ նախաձեռնել են օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում մասնավոր ընկերությունների թողարկած արժեթղթերից ստացվող եկամուտները ազատվել են եկամտային հարկից՝ ինչպես պետական պարտատոմսերի դեպքում։
Այս քայլի նպատակն եղել է կապիտալի շուկայի զարգացումն ու խթանումը։
Պատգամավորը նշել է, որ այդ հարկային արտոնությունը սահմանվել էր ժամանակավոր՝ 4 տարի ժամկետով, և այն ավարտվել է 2024–ի դեկտեմբերի 31-ին։
Բաբկեն Թունյանը հայտնել է, որ թողարկվող արժեթղթերի ծավալը վերոնշյալ 4 տարի ժամանակահատվածում բազմապատկվել է: Արժեթղթերի ծավալն այդ ընթացքում ոչ թե տոկոսներով է աճել, այլ անգամներով: Այսինքն` սահմանված արտոնությունը եւս դեր է կատարել:
Պատգամավորը նաև հայտնել է, որ առաջարկվող փոփոխությունը նախատեսվում է տարածել 2025 թվականի հունվարի 1-ից թողարկվող արժեթղթերի վրա:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից, պարտատոմսերից և ներդրումը վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամուտների հարկման համար Հարկային օրենսգրքում սահմանված արտոնությունների ժամկետները։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել։