Սահակյան․ Ռուբեն Վարդանյանի խնդիրն արդեն խիստ մարդասիրական բնույթ է ստանում![]() 5 մարտի 2025 - 17:08 AMT PanARMENIAN.Net - ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով Ադրբեջանի օմբուդսմենի այն հայտարարությանը, թե Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու մյուսները գոհ են պահման պայմաններից, և դրան հակասող Վարդանյանի լուսանկարին, ասել է, որ հրապարակված տեքստը և լուսանկարները ակնհայտ հակասություն են պարունակում, հայտնում է News.am-ը։ Նա նշել է, որ Ռուբեն Վարդանյանի պարագայում խնդիրն արդեն խիստ մարդասիրական բնույթ է ստանում: «Ինչպես ճիշտ նկատեցիք, հրապարակված տեքստը և լուսանկարները ակնհայտ հակասություն են պարունակում։ Ադրբեջանի օմբուդսմենի գնահատականները վստահելի համարել չի կարելի, քանի որ նա չունի «A» կարգավիճակ, ինչը նշանակում է, որ չի համապատասխանում Փարիզյան սկզբունքներին, այսինքն՝ գործառութային անկախություն չունի և կախված է գործադիր իշխանությունից։ Նրա զեկույցները միջազգային մակարդակում արժանահավատ չեն համարվում»,-ասել է նա։ Նա նշել է, որ «A» կարգավիճակ ունեցող օմբուդսմեններն ունեն լիարժեք անկախություն, կարող են համագործակցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների հետ, և նրանց զեկույցները համարվում են հուսալի, «B» կարգավիճակը, որ ունի Ադրբեջանի օմբուդսմենը, վկայում է մասնակի համապատասխանության և գործառութային կախվածության մասին, ինչի պատճառով նրա զեկույցները միջազգային մակարդակում վստահելի չեն։ «Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի օմբուդսմենը սերտորեն կապված է այդ երկրի քաղաքական վերնախավի հետ։ Նա հայտնի գործիչ Յաշա Ալիևի դուստրն է, իսկ ամուսինը՝ Մեջլիսի պատգամավոր։ Բացի այդ, նա մի քանի անգամ պարգևատրվել է Իլհամ Ալիևի կողմից՝ այդ թվում ռազմական ոլորտում համագործակցության համար։ Հետևաբար, մենք կարող ենք ապավինել միայն մարդու իրավունքների անկախ միջազգային փորձագետների գնահատականներին, մինչդեռ Ադրբեջանը չի թույլատրում նրանց այցելել մեր գերիներին»,–ասել է իրավապաշտպանը։ Սահակյանն անդրադարձել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և ՊԲ նախկին հրամանատար Լյովա Մնացականյանի հրապարակված ցուցմունքներին՝ ներկայացնելով իր դիտարկումները։ «Ուշագրավ է, որ մենք ունենք միայն ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալության լուսանկարները, որոնք շրջանառում են մնացած բոլոր լրատվամիջոցները: Այս անգամ տեսանյութ չի հրապարակվել, հավանաբար որպեսզի խուսափեն ցույց տալուց այն վիճակը, որում գտնվում է Ռուբեն Վարդանյանը ՝ 15-օրյա հացադուլից հետո: Վարդանյանի դեպքն առանձնահատուկ է և նրա առողջության ու կյանքին ակնհայտորեն վտանգ է սպառնում: Չնայած այդ վիճակում՝ նա հրաժարվում է ցուցմունք տալ: Թեև ծանոթանալով հրապարակվող «մեղադրանքներին», ցուցմունք տալու իմաստ էլ չկա: Մյուս մեր քաղբանտարկյալների դեպքում ևս մենք չգիտեք՝ նրանք այնպիսի բաներ ասել են, որոնք ադրբեջանական մեդալները փոխանցում են, թե ոչ: Նիստերին ներկա է լինում միայն մեկ պետական լրատվամիջոց, նրանց խոսքը մոնտաժվում է»,–ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպանը։ Նա հավելել է, որ այժմ ամենակարևոր քայլը նրան համոզելն է՝ դադարեցնել հացադուլը, քանի որ այս պահին նրա առողջական վիճակն ամենամտահոգիչն է։ «Շատ կցանկանամ, որ հաջողվի համոզել նրան դադարեցնել հացադուլը, այս պահին դա ամենակարևորն է: Ինչպես նաև պետք է անել հանարավոր ու անհնար ամեն ինչ, որպեսզի միջազգային մարդասիրական որևէ հրատապ գործիքակազմ կիրառվի: Խնդիրն արդեն խիստ մարդասիրական բնույթ է ստանում»,–ասել է նա։ Նախավերջին դատական նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, իսկ դատական նիստի ընթացքում արված լուսանկարներում տեսանելի էին նրա դեմքին առկա վնասվածքները։ Չնայած դրան՝ դատարանը ստիպել է նրան մասնակցել նիստին։ Վարդանյանի միջազգային փաստաբանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |