«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հերքել է այն պնդումները, թե ՀՀԿ-ականները անդրադարձել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին՝ նշելով, որ որևէ կուսակցական այդ հարցին չի արձագանքել։
Նա նաև ասել է, որ ՀՀԿ-ի կողմից իշխանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնելու թեզը, գուցե, մտածել և հորինել է Քոչարյանի գրասենյակի ղեկավարը և հանձնվել է նիկոլականներին՝ օգտագործման իրավունքով։
«Ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի այս ասուլիսը, այլ նաև նախորդող բոլոր ասուլիսները քննարկման առարկա չեն դարձել և երբևէ նպատակ էլ չի եղել ելակետային քննարկման առարկա դարձնելու»,-ասել է պատգամավորը և նշել՝ չնայած, ՀՀԿ-ի ղեկավարին անդրադարձ եղել էր, հայտնում է Aysor.am-ը։
Մկրտչյանն ավելացրել է, որ իրենք սկսել են իրենց հասցեին ուղղված մեղադրանքներին անդրադառնալ այն բանից հետո, երբ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը «մեկ ամբողջ ժամ նվիրեց ՀՀԿ-ին»։
«Նա անուղղակի ենթադրություններ է արել, ուղղակի մտքեր արտահայտել, որոնք, իմ գնահատմամբ, սուտ են և դրանց որոշել եմ անդրադառնալ։ Չի կարելի նիկոլական դատախազության կողմից հրապարկված որևէ բանի անունը դնել ապացուցված։ Դա անընդունելի է»,-ասել է պատգամավորը։
Նա նաև պատասխանել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի մեղադրանքին, թե «ՀՀԿ-ն է իշխանությունը հանձնել Նիկոլենց»։
«Չի կարելի տպավորություն ստեղծել, որ 2018-ին ՀՀԿ-ականները բաղձում էին Նիկոլին իշխանություն տալ ու չգիտեին՝ ոնց տային, պետք էր իրենց դագաղներն ու ծաղկեպսակները դնեին, ԱԺ-ում և կառավարությունում քաոս ստեղծեին։
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պնդումը՝ իշխանությունը հանձնելու մասին, ինձ մոտ շատ վատ կասկածներ է առաջացրել, որ միգուցե այդ թեզը նիկոլականներին օգտագործման իրավունքով հանձնվել է, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի կողմից, այսինքն՝ իրենք են մտածել և հորինել այդ թեզը, որովհետև ամբողջ հարցազրույցը նվիրել ՀՀԿ-ին և խոսել չեղած բաներից․․․ ընդ որում բոլորի աչքի առաջ է եղել 2018-ը, այդ ճնշումները, անմարդկային վիճակը, որ ստեղծվել էր ՀՀԿ-ի դեմ։ Մե՞նք էինք այդ ակցիան հորինել՝ «55 դեմ, 3 մլն կողմ», երբ այդ 55 հոգին ՀՀԿ-ականներն էին, որ մերժված էին»,- ասել է Մկրտչյանը։
Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարել էր, որ ՀՀԿ շրջանակներում Քոչարյանի դեմ հակաքարոզչությունը սկսվել է դեռ 2008թ.՝ բացատրելով, որ Սերժ Սարգսյանի մերձավոր ազգականը նույնիսկ զրույցում խոստովանել է, որ երկար տարիներ հովանավորել է Նիկոլ Փաշինյանին, որը «Հայկական ժամանակ» թերթի միջոցով ապատեղեկատվություն է տարածել երկրորդ նախագահի և նրա ընտանիքի մասին։ Բացի այդ, նրա խոսքով՝ Հայաստանի բնակչության մեծ մասն արդեն ունի այն հարցի պատասխանը, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին, ով է նրան իշխանություն տվել։