5 մարտի 2025 - 18:15 AMT
Ադրբեջանում դատում են Արցախից տեսանյութ հրապարակած ռազմական փորձագետին

Ադրբեջանում դատում են ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևին, որը նոյեմբերի 22-ին մեդիա շրջայցի շրջանակում ադրբեջանական հսկողության տակ անցած Արցախից տեսանյութ էր հրապարակել սոցցանցում։

Նասիմիի շրջանի դատարանում տեղի է ունեցել նախնական նիստը, նրան մեղադրում են պետական գաղտնիք պարունակող տվյալների բացահայտման մեջ, գրում է APA-ն։

Դատարանը որոշում է կայացրել դատական հետագա նիստերն անցկացնել փակ ռեժիմով՝ պատճառաբանելով, որ գործի նյութերը պարունակում են պետական գաղտնիք։

Գործն արդեն փոխանցվել է դատարան, իսկ նիստը նշանակվել է մարտի 19-ին։

Վերդիևը ձերբակալվել է 2024–ի նոյեմբերին։ Ըստ Գլխավոր դատախազության տվյալների՝ նոյեմբերի 22-ին, Ադրբեջանի առողջապահության նախարարության «Հանրային առողջության և բարեփոխումների կենտրոն» իրավաբանական անձի քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ, ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևը, որը նախկինում ծառայել է որպես սպա Ադրբեջանի զինված ուժերում, իր «գործողություններով լուրջ վնաս է հասցրել երկրի ազգային անվտանգությանը և պաշտպանունակությանը»։

Նշվում է, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ նոյեմբերի 22-ին, մեդիա շրջայցի ընթացքում, որպես ռազմական փորձագետ մասնակցող Վերդիևը տեսագրել է տեսանյութ, որտեղ ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի մարտական դիրքերի բարձունքները, սահմանապահ զորքերի տեղակայման վայրերը, դրանց կոորդինատները և օպերատիվ իրավիճակը։ Ապա, տեսագրությանը կից մեկնաբանություններ ավելացնելով, հրապարակել է այն իր սոցիալական ցանցի էջում՝ հասանելի դարձնելով անսահմանափակ թվով օգտատերերի համար։

Դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։