Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այցով Թուրքիայում է, տեսակապի ձևաչափով մասնակցելով Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը։
Ընդգծվել է այս իրադարձության կարևորությունը «թուրք-ադրբեջանական բարեկամության և եղբայրության համար»։
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Իգդիր-Նախիջևան գազատարն առանցքային դեր ունի Նախիջևանի էներգամատակարարման ապահովման գործում, հայտնում է Minval.az-ը։
«Թուրքիայի տարածքով Նախիջևան մուտք գործող գազը կլուծի նաև ինքնավար հանրապետության գազամատակարարման խնդիրը»,–ասել է նա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է Անկարայի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը, որը հիմնված է «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա, հայտնում է APA-ն։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ համատեղ արդեն իրականացվել են մի շարք ռազմավարական նախագծեր և որ «Իգդիր-Նախիջևան գազատարը կհամալրի էներգետիկ ռազմավարական նախաձեռնությունները»։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև նշել է, որ երկու երկրները ցանկանում են «միայն կայունություն, խաղաղություն և համագործակցություն, տարածաշրջանի համատեղ զարգացում»։
«Մենք արդեն բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել այս ուղղությամբ, դրսևորել անկեղծություն։ Մենք հաստատակամ ենք շարունակել համատեղ իրականացնել տարածաշրջանում բոլոր այն նախագծերը, որոնք ուղղված են խաղաղությանն ու բարգավաճմանը։ Ինչպես մեր սիրելի Ադրբեջանը մեր կողքին էր Թուրքիայում երկրաշարժի ժամանակ, ամենադժվար օրերին, մենք ևս մեր եղբայրների կողքին կլինենք ցանկացած պահին, երբ դա պահանջվի»,–ասել է նա։